Երևան

Հաջորդ տարվա բյուջեով Երևանին կհատկացվի 42 մլրդ 316 մլն դրամ

Հաջորդ տարվա բյուջեով Երևանին կհատկացվի 42 մլրդ 316 մլն դրամ

2023 թ. Երևանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 42 մլրդ 316 մլն դրամ, որից խոշորը՝ կրթական ծրագրերով պետության կողմից Երևան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություններն են՝ 18 մլրդ դրամի շրջանակում: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ներկայացնելով 2023 թ. բյուջետային հատկացումները:

Քաղաքապետի խոսքով Երևանի մետրոպոլիտենով ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման համար 2023 թ. կհատկացվի մոտ 2 մլրդ 700 մլն դրամ:

2023 թ. նախատեսվում է, որ կսկսվեն Արշակունյաց-Իսակով ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները, որոնց համար կհատկացվի 3 մլրդ դրամ:

Հրաչյա Սարգսյանը նաև նշել է, որ 2023 թ. բյուջետային հայտի մեծ մասնաբաժին է կազմում տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար նախատեսված գումարը: Ավտոբուսները Երևանում կլինեն գալիք տարվա ամռանը: Հատկացումը կլինի 9 մլրդ դրամի շրջանակում. «Ես վստահ եմ, որ 2023 թ. ընթացքում մենք 70 տոկոսի չափով կլուծենք տրանսպորտի խնդիրը: Տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, սակայն դա առաջնահերթ քայլերից մեկն է»,-ասել է քաղաքապետը:

2023 թ.  էներգախնայող միջոցառումների շրջանակում նախատեսվում է իրականացնել մանկապարտեզների վերանորոգում, որը կիրականացվի Եվրամիության կողմից վերցված շուրջ 2 մլրդ վարկի շրջանակում: Քաղաքապետի խոսքով եկող տարի նախատեսվում է կնքել ևս մեկ վարկային համաձայնագիր, որով կվերանորոգվեն 6 պոլիկլինիկա և 16 մանկապարտեզ:

Երևանի քաղաքապետը պատասխանել է նաև պատգամավորների հարցադրումներին:

Անդրադառնալով մանկապարտեզների գերծանրաբեռնվածությանը վերաբերող հարցին՝ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ Երևան քաղաքն ունի 162 մանկապարտեզ, որից 24-ը կապիտալ վերանորոգման փուլում է, իսկ դա նշանակում է, որ 24 մանկապարտեզի երեխաներ հնարավորություն չունեն հաճախելու մանկապարտեզ: Ըստ նրա՝ նախնական հաշվարկով 2023 թ. 40 մանկապարտեզ կլինի վերանորոգման փուլում: Քաղաքապետը նշել է, որ կան նաև նորակառույց շենքերով բնակեցված հատվածներ, որտեղ մանկապարտեզներ չկան: Այս համատեքստում ընդգծվել է, որ 3 տարբեր վարչական շրջաններում նախատեսվում է նոր մանկապարտեզների կառուցում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական