Երևան

«Դժվար լուծելի խնդիրներով անձամբ եմ զբաղվում». լրացել է Տիգրան Ավինյանի պաշտոնավարման մեկ ամիսը

«Դժվար լուծելի խնդիրներով անձամբ եմ զբաղվում». լրացել է Տիգրան Ավինյանի պաշտոնավարման մեկ ամիսը

Հոկտեմբերի 22-ին լրացավ Տիգրան Ավինյանի՝ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում ընտրվելու մեկ ամիսը: Մայրաքաղաքի առջև ծառացած և արագ լուծում պահանջող բազում խնդիրներ. մեկ ամսում ի՞նչ է հասցրել անել նորընտիր փոխքաղաքապետը, և ո՞րն է եղել նրա գլխավոր խնդիրը: Այս մասին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է «Հեռանկարի» տաղավարում։ 

Ավինյանը նշել է, որ այս մեկ ամսում հասցրել է լինել երեք վարչական շրջանում: Բավականին ինտենսիվ ծանոթացել է խնդիրներին, առկա իրավիճակին ու հիմնականում այն խնդիրներին, որոնք բարձրաձայնվում են մեծամասնության կողմից:

«Եղել եմ Աջափնյակում, Քանաքեռ-Զեյթունում, Շենգավիթում, իհարկե, ամեն մեկն իր առանձնահատուկ խնդիրներն ունի, բայց բոլոր տեղերում կան հիմնական խնդիրներ, որոնք միշտ բարձրաձայնվում են՝ տրանսպորտի, կանաչ տարածքների, բակերի բարեկարգման խնդիր և այլն: Շատ տեղերում համակարգային լուծումներ չեն եղել, և այդ խնդիրները շարունակաբար կուտակվել են»,- ասել է փոխքաղաքապետը։

Նրա խոսքով՝ թեև տրանսպորտային ռեֆորմը 2019 թվականից սկսած քաղաքապետարանի հետ շատ է քննարկել, այդուհանդերձ, եկել է այն եզրակացության, որ կոմպլեքս և որակյալ լուծման մոտեցումն ավելի ճիշտ էր։ 

«Այն ժամանակ քաղաքապետարանը փուլային, հատվածական լուծումներ էր առաջարկում, որն էլ բերել է տվյալ իրավիճակին՝ փուլերով ավտոբուսներ ենք գնում, չունենք տոմսերի միասնական համակարգ և այլն։ Գրեթե բոլոր վարչական շրջաններում սա խնդիր է դարձել՝ հատկապես ծայրամասերում։ Մինչև տարվա վերջ ակնկալվում է նոր ավտոբուսների չափաքանակ, որոնք նոր գծեր կմտնեն, իրավիճակը որոշ չափով կմեղմվի։ Հաջորդ տարվա մինչև առաջին եռամսյակի ավարտ ակնկալվում է MAN տեսակի ավտոբուսներ, որտեղ կրկին խնդիրներ ունենք և դրանք պետք է շուտափույթ լուծենք։ Այնուամենայնիվ, տրանսպորտի ոլորտում մեզ պետք է լինելու կոմպլեքս լուծում։ Ակնկալիքն այն է, որ հաջորդ տարվա ընթացքում խնդրի ծավալն էականորեն նվազի, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- նշել է Ավինյանը։ 

Հարցին, թե ո՞րն է «քաղաք՝ մարդկանց համար ձևակերպումը» և միթե հիմա այդպես չէ, Տիգրան Ավինյանը ասել է․ «Ոչ, հիմա այդպես չէ։ Քաղաք մարդկանց համար նշանակում է չունենալ տրանսպորտի խնդիր, ունենալ հանգստյան համար նախատեսված համապատասխան  վայրեր, նշանակում է քաղաք՝ անվասայլակով, մանկասայլակով մարդկանց համար։ Հիմա եկեք շրջենք Երևանով և հասկանանք, այս քաղաքը մարդկանց համա՞ր է։ Պետք է երևանցիները քաղաքի հետ բնականոն կապ զգան և տեսնեն, որ քաղաքն իրենց է ծառայում»։ 

Ավինյանը շեշտել է, որ խնդիրները շատ են և համակարգային լուծումներ են պահանջում։ Նա ընդգծել է, որ այս տարի Շենգավիթ վարչական շրջանում 33 բակային տարածք է ազատվել ցանկապատված հատվածներից, և սա շարունակվելու է բոլոր վարչական շրջաններում։ Նրա խոսքով՝ այն նպատակադրումները, որոնք պետք է ունենա Երևանի քաղաքապետարանը՝ որպես կառույց, պետք է բխեն այն խնդիրներից, որոնք առկա են տվյալ վարչական շրջանում։ 

«Եվ եթե դու ինքդ անձամբ տեղում չես ծանոթանում այդ խնդիրներին, այդ խորքային, զգայական մակարդակի ինֆորմացիան ինքդ չես ստանում, կաբինետում նստած նույնը չես կարող ընկալել և գրագետ ու ճիշտ լուծումներ տալ»,- ասեել է Ավինյանը։

Հարցին, թե նախկինում՝ փոխվարչապետի պաշտոնն զբաղեցրած տարիներին ինչո՞ւ այդ խնդիրները չեն լուծվել, Ավինյանը պատասխանել է․ «Այն ժամանակ կար քաղաքապետ, կային փոխքաղաքապետեր և, կարծում եմ, դա իրենց աշխատանքը պետք է լիներ։ Որպես փոխվարչապետ՝ զբաղվում էի տարբեր հարցերով՝ ռազմարդյունաբերություն, տնտեսություն և այլն։ Աշխատանքի բնույթն այլ էր։ Շատ դեպքերում իմ ու իմ գրասենյակի աշխատանքը նույնիսկ տեսանելի չի եղել, սակայն 2018-ից սկսած գրեթե բոլոր ռեֆորմներին, որոնք տվել են արդյունք, մենք մեր դերակատարումն ունեցել ենք»։ 

Վերադառնալով Երևանի խնդիրներին, փոխքաղաքապետը շեշտել է, որ քաղաքապետարանը 500 վերելակ է փոխում և սա ռեկորդային թիվ է։ Այս գործընթացը շարունակվելու է, մինչև հին վերելակները բոլորը փոխարինվեն, սակայն դա քաղաքապետարանի պարտականությունը չէ։ 

«Ինչ տեղի է ունենում շենքի ներսում, դա համատիրությունների լիազորությունների գոտում է։ Բոլորս գիտենք, որ համատիրություններն այդ ներուժը չունեն։ Մենք, այսպես ասած, «աջ ձեռքով ձախ ականջ ենք բռնում», սակայն ճիշտ կլինի անդրադառնանք համատիրությունների խնդրին, այդ խնդիրը լուծենք, որպեսզի համատիրություններն էլ իրենց լիազորությունների շրջանակում անեն այն, ինչ պետք է իրենք անեն։ Նույնը նաև վթարային շենքերի դեպքում է»,- մանրամասնել է Ավինյանը։ 

Ավինյանը շեշտել է, որ բոլոր վարչական շրջաններով շրջելու է՝ կախված, իհարկե, նաև եղանակային պայմաններից: «Երեք շաբաթ իրականացնում ենք այց՝ ամեն շաբաթ մեկ վարչական շրջանում և մի շաբաթ ամփոփում ենք, սա հենց ամփոփման շաբաթն է, վերհանված խնդիրներով, որոնք դժվար լուծելի են, ես անձամբ եմ զբաղվում»,- նշել է Տիգրան Ավինյանը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական