Առաջիկայում համայնքը որակյալ ծառայություններով ու ժամանակակից սարք-սարքավորումներով հագեցած «Երևան» բժշկական կենտրոն կունենա: Հերթական նիստում ավագանին հավանություն է տվել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ն միացման ձևով վերակազմակերպելու մասին որոշման նախագծին:
Առողջապահության ոլորտը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ընդգծել է, որ ոլորտային բարեփոխումները նախաձեռնած թիմի նպատակն է՝ մայրաքաղաքի բնակիչներին մատուցել որակյալ ծառայություններ, արհեստավարժ բուժանձնակազմի համար էլ ապահովել արժանի պայմաններ:
Այս պահին հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Երևանի թիվ 12 և 5 պոլիկլինիկաներում: 2023-ին համայնքային ու Կառուցապատում ԾԻԳ-ի ծրագրերով կհիմնանորոգվի ևս 10 պոլիկլինիկա:
Ընթացիկ տարում համայնքը նախատեսում է ձեռք բերել 7 անուն 30 բժշկական սարքավորում՝ շուրջ 237 միլիոն դրամ արժողությամբ, 2023թ․ էլ՝ 9 անուն 31 բժշկական սարքավորում, որի համար կհատկացվի շուրջ 679 միլիոն դրամ:
Ճանապարհների սպասարկման հարցում Երևանում կկիրառվեն նոր մոտեցումներ, որոնք էականորեն կբարելավեն ենթակառուցվածքների վիճակը, սպասարկումը և, որ կարևոր է, է՛լ ավելի մեծ ուշադրություն կդարձվի աշխատանքների պլանավորման ժամկետներին՝ խցանումներից հնարավորին խուսափելու համար։
2023թ. մայրաքաղաքում կվերանորոգվի շուրջ 200 կմ ճանապարհահատված, որն իր մեջ կներառի ասֆալտե ծածկի, յուրաքանչյուր փողոցի 10 %-ի շրջանակներում հիմքային նորոգումներ, մայթերի, դիտահորերի բարձրացման համալիր աշխատանքներ: Հաշվի առնելով շինբարեկարգման ոլորտում ընթացիկ ու նախանշվող ծրագրերի ծավալը, ինչպես նաև կառավարման ճիշտ մոդելի կիրառման անհրաժեշտությունը ՝ ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչությունում կիրականացվեն կառուցվածքային փոփոխություններ:
Երևանի ավագանու որոշմամբ` մայրաքաղաքում կտեղադրվեն Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի, ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Կարեն Ջանիբեկյանի, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Սերգեյ Համբարձումյանի, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Հովհաննիսյանի, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հրաբխագիտության լաբորատորիայի ավագ գիտաշխատող, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոցի հ.320 հասցեի նոր կառուցվող թաղամասը կանվանակոչվի «Դեֆանս Հաուզինգ»։ Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Մի քանի փուլով իրականացվող ծրագրի շրջանակում բնակելի շենքերին զուգահեռ թաղամասում կկառուցվեն դպրոց, մանկապարտեզ, նորագույն սարքավորումներով հագեցած հիվանդանոց, բիզնես կենտրոն: 11 հա կից հողամասում էլ նախանշվում է հիմնել փշատերև անտառ՝ Փարիզի Բուլոնյան անտառի նմանությամբ:
Հերթական նիստում ավագանին հաստատել է նաև Երևանի 2023-2025թթ. միջնաժամկետ ծրագիրը: Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի նոյեմբերի 22-ին: