Երեք մետր հեռավորությամբ զուգահեռ իջնող խրամուղիները Ծիծեռնակաբերդի՝ համայքնին պատկանող անտառային գոտու վերականգնման համար են: Երևանի քաղաքապետարանն այս օրերին ծառատունկի նախապատրաստական վերջին աշխատանքներն է անում: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպության մասնագետները նախքան գործը սկսելը երկար են ուսումնասիրել, փոխառել ժամանակին հենց այստեղ արված կանաչապատման փորձը:
«Այստեղ հողը շատ վատ վիճակում էր, որովհետև տարիների ընթացքում չի մշակվել, գույնից նույնիսկ տեսանելի է, բացի այդ, բարձր քարքարոտություն կար: Երկար քննարկելուց հետո որոշեցինք անել խրամատաներով, սա ընդունված կարգ է անտառային տնկարկների համար: Շարքերը իրար զուգահեռ գնում են, որին հասնելը հեշտ չէր, բավական շատ նշագծումներ ենք արել տարածքում: Խրամատն արվում է մինչև 20 սմ՝ խոնավության համար, բայց խրամատներում նաև փոսեր ենք փորել՝ ևս 50 սմ իջնելով ներքև: Այն քարերը, որոնք հանել ենք, հետ կլցվեն, ինչը կլավացնի օդափոխությունը: Խրամատները նրա համար են, որ ոռոգման ջուրը, ինչպես նաև հալոցքներն ու անձրևաջրերը խնայողաբար օգտագործվեն բույսի համար»,- նշում է ՀՈԱԿ-ի փորձագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Խուրշուդյանը:
«Հսկայական աշխատանքներ են իրականացվել այս 8.5 հա տարածքում: Շուրջ 2 հա տարածքում կազմակերպությունը գարնանն իրականացրեց անտառտնկման աշխատանքներ, իսկ 6.5 հա ազատ էր մնացել: Կազմակերպությունը նշաձող վերցրեց միանգամից այդ 6.5 հա կանաչապատել: Անտառի հիմնման իսկական ճշգրիտ ձևերից մեկը այստեղ կիրառվել է: Ամսի 15-ին այստեղ ամբողջ աշխատանքները ավարտված կլինեն» ,-նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Աշխատանքների մեծ մասն ավարտված է, այժմ խրամուղիները հարստացվում են սևահողով: Աշնանային ծառատունկին Ծիծեռնակաբերդում կտնկվի շուրջ 6000 ծառ և թուփ: Լինելու են անտառային և դեկորատիվ տեսակներ, որոնք կապահովեն կայունություն և արտաքին տեսք: Թխկի, հացենի, կատալպա, ակացիաներ. ընտրվող բոլոր ծառատեսակները հարմարեցված են Երևանի կլիմայական պայմաններին:
«Ունենալու ենք նաև վայրի պտղատուներ: Սա շատ կարևոր է երկու պատճառով. նախ՝ ծաղկող գեղազարդ տեսք կտան գարնանը, և երկրորդ՝ շրջակայքում կան սկյուռներ, թռչուններ, որոնց համար այն կհանդիսանա կեր»,-նշում է Հասմիկ Խուրշուդյանը:
«Տնկանյութի գրրեթե 95 տոկոսն առաջին անգամ լինելու է քաղաքային տնկարանում աճեցված: Կսպասենք եղանակային պայմաններին, որպեսզի սկսենք ծառատունկը»,-նշում է Արմեն Բեգոյանը:
Այն հատվածներում, որտեղ գրունտը թույլ չի տվել, կիրառվել է այլ մոտեցում՝ արվել են առանձին փոսորակներ:
Երևանի անտառային գոտու վերականգնումն այսօր քաղաքի կարևորագույն խնդիրներից է: Համայնքը մտադիր է մոտ 10 անտառային տարածքներ վերականգնելու համար ծառատունկ անել: