Նեղ, անհարթ, զառիվեր ու ճառագայթաձև փողոցներով բացվող բլուրը Երևանի կենտրոնում գտնվող քաղաքի ամենահին թաղերից է: Կոնդն է:
«Հին ապրողներն ասում են՝ գիտես կոնդն ինչ տեղ էր, ինչ լավ էր այն ժամանակ: Քիչ-քիչ գնում են հները, նորերն են գալիս: Եթե դուռդ բաց թողնես՝ ոչ ոք չի մտնի: Երեկոյան հավաքվում են հարևանները, շատ հետաքրիր է»,-մեզ հետ զրույցում ասում է Կոնդի բնակիչներից տիկին Լյուսյան:
Կոնդի մասին գրավոր առաջին հիշատակություններն արվել են դեռևս 17-րդ դարում: «Եվրոպացի ճանապարհորդները Պարսկաստան գնալիս անցնում էին հիմնականում Երևանով, և շատերը նկարագրել են քաղաքը: Միշտ շեշտադրվել է, որ քաղաքն ուներ 3 թաղ՝ Շահարը կամ բուն թաղը, Կոնդը և Երկաթաղբյուրը: «Կոնդ» բառն ինքնին ըստ Աճառյանի նշանակում է բոլորակ, բլուր, այսինքն՝ զուտ տեղագրական անվանում է: Հարավից անցնում էր Հրազդան գետը, մյուս հատվածում Կոզեռնի բլրակն էր: 1655թ. Երևան է այցելում հայտնի ճանապարհորդ Տավիերնեն և նկարագրում է առանձին թաղերը: Նա կազմել է նաև Երևանի հատակագիծը, որտեղ նշել է, թե ինչ մասերից է բաղկացած քաղաքը և շեշտադրել է քրիստոնյաների թաղը, որը համապատասխանում է, ըստ նրա, Կոնդին և Շահարին»,-պատմում է Երևանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանը:
«Հայաստանի պատմության թանագարանում առկա է վաղ երկաթեդարյա կավե երկու նմուշ՝ սափորը և քամիչի մի մասը: Թվագրվում է վաղ երկաթի դարաշրջանով՝ մ.թ.ա.12-13 դդ: Առարկաները գտնվել են 1930-ականներին Կոնդում՝ բնակիչներից մեկի տանը, երբ շինարարության ժամանակ բացվել է այս դամբարանը»,-նշում է Հայաստանի պատմության թանագարանի հնագիտության բաժնի ղեկավար Արմինե Զոհրաբյանը:
Կոնդում ձեռակերտ ճարտարապետություն է՝ առանց ճարտարապետի: Լանջից սանդուղքաձև իջնող, միահարկ, հաճախ միաձուլված հողաշեն տներ են՝ ընդհանուր բակերով:
«Ամեն ինչ հողից է, որ ներսից նայեք՝ պատերը հողից են, եթե ուզում ես մի բանի դիպչել, փլվում է: Եղեգ է մեջը, թեփ, եթե փորձենք քանդել, նորոգել, կարող է դրսում մնանք»,-հավելում է տիկին Լյուսյան:
«Կոնդը զարգացման բոլոր փուլերում մասնակցել է քաղաքաստեղծ միջավայրի ձևավորմանը: Այդ փողոցները, բակերը, որոնք ձևավորվել են բնական ձևով, մի հարկանի այդ տներն օտարածին չէին, դա ապրելակերպ էր, ինչպես Վանում, Կարսում: Պարսկական տիրապետության ժամանակ, գուցե, առաջացավ աղյուս, բայց դրան զուգահեռ կար հայկական շարվածքն ու մոտեցումը: Ժամանակի հետ ավելացան փայտե պատշգամբներով, թաղակապ նկուղներով տները, որոնք ուրիշ՝ քաղաքային որակ էին բերում դրան նախորդած հողաշեն կառույցների համեմատ»,-նշում է ճարտարապետ Արշավիր Աղեկյանը:
Թաղի առաջամասում ազնվականների երկհարկանի տներն էին: Չնայած տարիների ընթացքում տարածքի անկանոն կառուցապատմանը, դրանց մի մասում դեռ պահպանվում են պատմամշակութային պատառիկները:
«Քիչ մնացած հուշարձաններից է այս տունը: Իշխան Մելիքի նշանավոր տունն է: Մելիք-Աղամալյանները Կոնդում նշանավոր գերդաստան են եղել: Սա երևի արդեն վերջին հուշարձանն է: Մշակութային արժեքները պետք է պահպանել: Եթե դրանք չես պահպանում՝ վերանում են: Մենք կարողացանք պահպանել այս տունը: Ուսումնասիրվել են տան հատակագիծը, առարկաները. 17-րդ դարին է վերաբերում այս շինությունը: 3 դարի ընթացքում այս տունը տեսել է երկրաշարժեր, նաև շատ տերեր: Այս տան մեջ նույնիսկ պարսիկ իշխան է ապրել: 1915-18թթ. Վանի գաղթից հետո Ջրբաշյան գերդաստանը Վանից տեղափոխվել է այստեղ, և Մկրտիչ Ջրբաշյանն իր կնոջ՝ Աշխենի հետ տեղափոխվում է այս տուն: Այստեղ են ծնվել երկու ականավոր գիտնականներ. Մխիթար Ջրբաշյանը՝ հայկական մաթեմատիկական դպրոցի հիմնադիրը, միջազգային անուն ունեցող ակադեմիկոս և գրականագետ Էդվարդ Ջրբաշյանը»,-պատմում է գրականագետ Աբգար Ափինյանը:
«Ժողովրդագրական տեղաշարժերի հետևանքով բնակչության անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, սակայն դա չի խանգարում, որ հայերն այստեղ մեծամասնություն լինեին»,-ասում է Լուսինե Ամիրջանյանը:
«Պարսկական տիրապետության շրջանում անվանել են նաև թափաբաշ, նույնիսկ կա թափաբաշինսկայա փողոց: 1921թ. արխիվային արձանագրությունից երևում է, որ այստեղ բնակվել է 81 հայ»,- նշում է Հայաստանի ազգային արխիվի գլխավոր արխիվագետ Լուսինե Խաչատրյանը:
Պարսկական շրջանը Կոնդում հիշեցնում է 17-րդ դարի վերջին մզկիթը, որն իր կից դպրոցով դադարել է գործել 1828թ.: 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո կիսավեր մզկիթում են ապաստանում գաղթական ընտանիքներ:
«Մի կարևոր փաստ եմ ուզում բերել. անգամ 18-19-րդ դդ. Երևանում երկու ամենահայտնի ազնվական ընտանիք է ապրել՝ Աղամալյաններն ու Տեր-Ավետիսյանները: Դա արդեն նշանակում է, որ ի սկզբանե Կոնդը հայկական է եղել, որովհետև որևէ ազնվական իր այգիներն ու տները չէր հիմնի մի վայրում, որտեղ մահմեդականներն էին կենտրոնացված, բացի այդ, եթե քաղաքներում անգամ մահմեդականներ կային, նրանք առանձին էին ապրում»,-նշում է Արմինե Զոհրաբյանը:
1970 թ. Խորհրդային Միութունում անցկացվեց մարդահամար: Երևանում այդ պահին բնակչությունը 766 705 էր, որից 733 435-ը՝ հայեր: Ազգային արխիվում են պահպանվում նաև Կոնդի Ռուսթավելու անվան հ. 23 դպրոցի 1979-1985թթ. մատյանները: Աշակերտների ցանկում օտարազգի անուններ չկային:
Բոլոր ժամանակներում Կոնդի կարևորագույն կենտրոնը եկեղեցին էր՝ ծխական դպրոցով:
«Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմքերը դրվել են 7-րդ դարում: Բազիլիկ է, ծառայել է մինչև 1670-ական թվականների երկրաշարժը: Այդ ժամանակ շինությունների հետ քանդվում է նաև այս բազիլիկ եկեղեցին, որը հետո բարերարների միջոցներով 1710 թ. վերկառուցվում է: 1985թ. կառուցվում է զանգակատունը, խաչաձև թևեր են դրվում: Եկեղեցին դառնում է կենտրոնագմբեթ»,-պատմում է Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանը:
Կոնդն ինքնին պատմամշակութային արժեք է: այստեղով էին անցնում նաև պատմական երկու ջրանցքները՝ Մամռի և Աբուհայաթի: Կոնդը հայտնի էր նաև պտղատու այգիներով, հատկապես՝ խաղողի: Բակերն ու փողոցները միահյուսած խաղողի վազերն այսօր էլ հիշեցնում են երբեմնի Կոնդը:
Չնայած բարձր դիրքին՝ Կոնդը դեռ 18-րդ դարում ունեցել է թե՛ ոռոգման, թե՛ խմելու ջուր: 1793թ. Գրիգոր քահանան, վաճառելով իր տունը, այդ միջոցներով Գետառից խողովակներով ջուրը բարձրացնում է մինչև Սուրբ Հովհաննես եկեղեցու գավիթը: Այստեղից էլ հետագայում բնակիչները ջուրը հասցնում են բակեր: Սառնորակ աղբյուրները պահպանվել են մինչ օրս:
Կոնդը հին քաղաքային միջավայրի անբացատրելի ձգողականությամբ այստեղ էր բերում արվեստագետներին. ամեն տուն անցյալի ու ներկայի պայքար է խորհրդանշում: Նկարիչ Պետրոս Մալայանի աշխատանքներում ոչ միայն երևանյան կոլորիտային թաղն է, այլև բնակիչները:
«Կոնդը ոգեշնչող, շատ գեղեցիկ թաղամաս էր: Երևանը նոր էր կառուցվում: Հետպատերազմյան տարիներին, երբ ուզում էի առանձնացնող վայր, Կոնդ էի գալիս: Արվեստն այդ ուժն ունի ու կարծես տեղափոխում է քեզ ժամանակի մեջ: Ամեն անգամ ջրաներկով այս աշխատանքներին նայելիս ինձ ներս է քաշում: Կոնդը նաև իրար մեջ ապրող, խառը, բայց կենդանի տեղ էր»,-ասում է նկարիչ Պետրոս Մալայանի որդին՝ Ռուբեն Մալայանը:
Կոնդը, որ կառուցվել էր քաղաքի ներսում, հետաքրքրում էր ոչ միայն քաղաքային իշխանություններին, այլև ճարտարապետներին:
1930-ականներից հետո, երբ հաստատվեց Երևանի կառուցապատման պլանը, Կոնդն սկսեց երիզվել բարձրահարկերով: 1980-ականներին աշխույժ քննարկումներ սկսեցին, մշակվեց նախագիծ՝ հուշարձանների պահպանությամբ ու նոր լուծումներով: Տարիների ընթացքում մշակվեցին Կոնդի վերակառուցման նախագծեր, բայց դրանցից ևս ոչ մեկը կյանքի չկոչվեց:
Ժամանակ առ ժամանակ, երբ քննարկվում է որևէ նախագիծ և փորձ է արվում շինարարություն սկսել, բացվում են պատմության նոր շերտեր: Թանգարանային թաղում պատմամշակութային հուշարձանները ժամանակի ընթացքում խառնվել ու ծածկվել են հողի շերտերով:
«Ամենահին հուշարձանը Կոզեռնի գերեզմանատունն է՝ Կոզեռն վարդապետի անունով կոչվող: Ժամանակին այն տարածվում էր մինչև այժմյան Դեմիրճյան, Բաղրամյան փողոցներ՝ ներառյալ ԱԺ այգին: Կոզեռնի գերեզմանոցի տարածքում 2010-2011 հայտնաբերվել են թաղումների հետքեր. ապացույց, որ այստեղ կյանք եղել է անտիկ ժամանակաշրջանից ի վեր: Դրանք նման են Դվինի և Ավանի հելենիստական թաղումներին»,- նշում է Երևանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Մարինե Նավասարդյանը:
Կոնդի տարածքը շուրջ 16 հա է, բնակչությունը՝ 4000-4500 հազար: Բնակիչների մի մասն այստեղ վարձակալությամբ է ապրում: Կենցաղային պայմանները շատերին ստիպել են կողպել փայտե դռները: Նրանք, ովքեր ապրում են, դեռ սպասում են ... Կոնդեցիների համար ամենասպասվածը թաղամասի վերակառուցումն է: Ծրագիր, որը կլինի ավանդական հնի ու նորի համադրությամբ ու նոր շունչ կհաղորդի թաղամասին:
«Կոնդն ունի քաղաքաշինական հենք, որը, պատմականորեն ձևավորված, մնացել է: Գուցե այդտեղ վերակառուցենք ու ունենանք հավաքական կերպար»,-նշում է Արշավիր Աղեկյանը:
«Եկեղեցին քանդվեց 14 տարի առաջ, երբ սկսեցին կառուցել շենքերը: 17-րդ դարի կամար է սա, մնացել են համարակալված քարերը: Եթե քանդենք, նոր ժամանակակից շենքեր կառուցենք, միևնույն է, պամությունը չես կարող ջնջել: Գոնե մի քանի փողոց կարելի է նորոգել»,-ընդգծում է քահանան:
«Լուսավոր կետ քիչ կա այսօր, կոնդը թող լինի այդ լուսավոր կետերից մեկը»,-ասում է մետաղագործ Մամիկոն Մխիթարյանը:
«Շատ դժվար է, հրշեջները մեծ դժվարությամբ են գալիս, տաքսին չի բերում. վարորդը հենց լսում է Կոնդ բառը, ասում է՝ չեմ տանի, ստիպված երեխեքի հետ ոտքով ենք բարձրանում: Շատ գունեղ, շատ լավ տեղ է, կենտրոն, բայց նոր սերունդն ուզում է լավ պայմաններ: Ես սիրում եմ այս հին պատերը, բայց դե...»,- եզրափակում է մեր զրույցը Լյուսյա Հովակիմյանը: