Երևանով շրջող մարդը պետք է ներդաշնակ լինի շրջապատող միջավայրի հետ. Տիգրան Ավինյանի ելույթը (ամբողջական տարբերակ)
Երևան
23 Սեպտեմբերի 2022, 18:42Երևանի ավագանու նիստում Տիգրան Ավինյանն ընտրվեց փոխքաղաքապետ։
Մինչ այդ Տիգրան Ավինյանը հանդես եկավ ելույթով.
«Հարգելի՛ պարոն քաղաքապետ,
Ավագանու հարգելի՛ անդամներ,
Նախևառաջ կխնդրեմ մեկ րոպե լռությամբ հարգենք Հայաստանի ինքնիշխանության համար մղվող մարտերում զոհված մեր զինվորների հիշատակը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ երևանցիներ,
Նախորդ շաբաթ Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական հերթական ագրեսիային, և ստիպված եղանք կրկին մարտի դաշտում պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունն ու սահմանները։ Այդ ագրեսիան, սակայն, մեզ ոչ թե պետք է ընկճի կամ վհատեցնի, այլ սթափության ու քրտնաջան աշխատանքի կարևորության հիշեցում լինի։ Մեր զինվորների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել ապրել ու արարել, ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը և զարգացնել տնտեսությունը։ Ըստ էության, ներկայումս մեզ համար դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն։ Սրանք իրողություններ են, որոնց հետ մենք բոլորս պետք է հաշվի նստենք։ Եւ հետևապես մենք բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով։
Յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է՝ նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար։ Ինձ հաճախ են հարցրել, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերները, թե արդյո՞ք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ։ Եվ ես վստահաբար և անկեղծորեն ուզում եմ ասել, որ, անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված քննարկումներից, ինձ համար մեծագույն պատիվ է լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ, ծառայել մեր քաղաքին և երևանցիներին, և ես շնորհակալ եմ ընձեռնված հնարավորության համար։ Շնորհակալ եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, շնորհակալ եմ Ձեզ, հարգելի ավագանու անդամներ։
Երևանն առաջին հերթին մարդիկ են։ Երևանի մասին խոսելիս՝ պատկերացնում ենք մարդկանց, որոնք ստեղծել են քաղաքն ու իր կոլորիտը իրենց քանդակներում, երգերում ու ֆիլմերում։ Երևանը Թամանյան է իր ճարտարապետությամբ, Հախվերդյանի և Ֆորշի երգե՛րն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, ու քաղաքը ինքնաբերաբար սկսում է նմանվել իրենց երգերին։ Երևանը Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմն է, Քոչարի, Արա Հարությունյանի, Նորիկ Կարգանյանի քանդակներն են։ Երևանը Չարենցն ու Բակունցն են, որոնք շրջել են քաղաքով և իրենց հերթն արդեն զիջել երիտասարդներին։ Եւ Երևանը միայն անցյալը չէ, այն նաև ներկան ու ապագան է։ Երևանն այսօրվա ճարտարապետներն ու քանդակագործներն են, նկարիչներն ու երաժիշտները, դերասաններն ու ռեժիսորները, բոլոր նրանք, ովքեր ապրում են Երևանում և ապրեցնում քաղաքը։
Երևանն այն մարդիկ են, ովքեր հոգ են տանում քաղաքի համար։ Առավոտյան, երբ դեռ շատերս քնած ենք, փողոցները կարգի են բերում քաղաքապետարանի մաքրությունն ապահովող աշխատակիցները։ Երևան են կանաչապատումն ու բարեկարգումն ապահովող մասնագետները, ոստիկանները, հրշեջներն ու փրկարարները, շտապօգնության վարորդներն ու բժիշկները, դաստիարակներն ու մանկավարժները, բոլոր նրանք, ովքեր իրենց բարեխիղճ աշխատանքով ապահովում են մեր քաղաքի բնականոն ընթացքը։
Երևանը մարդիկ են, ովքեր ապրում և հոգում են իրենց ընտանիքների կարիքները մեր քաղաքում, որտեղ, սակայն, բախվում են տարատեսակ խնդիրների. ոմանք անվասայլակով կամ մանկասայլակով դժվարությամբ են տեղաշարժվում չհարմարեցված մայթերով, շատերն աշխատանքից կամ դասից ուշանում են՝ արդարացի կերպով դժգոհելով կանգառում ավտոբուսին երկար սպասելու և երթուղայինի ժամանակացույցը չունենալու համար: Երևանը՝ խաղահրապարակ չունենալու պատճառով գարաժների դռները դարպաս սարքած երեխաներն ու այն բազմաթիվ ընտանիքներն են, որոնք գիշերվա հազարին հրավառությունից արթնացած երեխաներին են հանգստացնում։
Խնդիրները նշելու հետ մեկտեղ՝ չեմ կարող չանդրադառնալ դեռևս 2018 թվականից Երևանի քաղաքապետարանի ջանքերին, որոնք շատ խնդիրներ արդեն իսկ մեղմել են։ Այնուամենայնիվ՝ պետք է ասեմ, որ մեծ աշխատանք կա դեռ անելու, քանի որ քաղաքը նոր լուծումների կարիք ունի։
Երևանով շրջող մարդը պետք է ներդաշնակ լինի իրեն շրջապատող միջավայրի հետ, Երևանը պետք է լինի՝ մարդկա՛նց համար քաղաք։ Քաղաքն այդպիսինը կարող է դառնալ մի պարզ սկզբունքի պահպանմամբ՝ հանրային շահի գերակայություն անհատական շահի նկատմամբ։ Այդ բանաձևով է պետք լուծել բոլոր խնդիրները։ Չի կարող մեկի անհատական շահը՝ իր շենքի բակում ավտոտնակի կառուցումը, ավելի կարևոր լինել, քան երեխաների խաղը բարեկարգ խաղահրապարակում։ Չի կարող մեկի շինարարությունն ավելի կարևոր լինել, քան մեր քաղաքի ճարտարապետական տեսքը։ Մեր կողմից առաջարկվող լուծումները պետք է հիմնված լինեն հանրայի՛ն և ո՛չ անհատական շահի սպասարկման վրա։ Քաղաքի հաշվին ընկերներին, բարեկամներին և ծանոթներին լավություններ չպետք է անենք։
Մարդկանց համար քաղաք կառուցել նշանակում է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ: Անկախ նրանից՝ թե որտեղ ենք մենք ապրում՝ Շենգավիթում, Կենտրոնում, Նուբարաշենում, թե՝ Մասիվում, մենք պետք է ունենանք ինքնադրսևորման, կրթության և բուժօգնության հավասար հասանելիություն: Մարդկա՛նց համար քաղաքը պետք է լինի ժամանցային՝ մշակութային միջոցառումների, ինչպես նաև կանաչ տարածքների և խաղահրապարակների ավելացմամբ և ապակենտրոնացմամբ:
Սիրելի Երևանցիներ,
Մեր երազանքի Երևանն ունենալու համար առանց ձեր օգնության ուղղակի հնարավոր չէ։ Երևանի համար պետք է հոգ տանի նրա յուրաքանչյուր բնակիչ՝ ինչպես մի մեծ ընտանիքում, և այդ մշակույթի սերմանումը մեր առաջնային նպատակներից է։ Որքան էլ մեր մաքրության պահապանները մեր ետևից մաքրեն, մաքրությունը մեր բոլորի հանրային պատասխանատվությունն է. մեր կողմից հասանելիքն անելով քաղաքում բոլորովին այլ մթտնոլորտ կստեղծենք:
Եւ որ ամենակարևորն է՝ քաղաքում չկա մանր խնդիր, որովհետև հատկապես մանրուքներն են վնասում առողջ միջավայրին՝ փչացնելով մեր առավոտը և խաթարելով երեկոյան հանգիստը։
Այս ամենն իրականություն դարձնելու համար անչափ կարևորում եմ մեր մշտական շփումները։ Ազնիվ լինենք՝ կաբինետային աշխատանքը հաճախ ստիպում է պաշտոնյային զատվել մարդկանց խնդիրներից, կենտրոնանալ թղթաբանության ու խորհրդակցությունների վրա և, ցավոք, կտրվել իրական կյանքից: Այս պրոցեսը միշտ չէ, որ բերում է դիպուկ լուծումների, ավելին՝ որոշ դեպքերում խորացնում է խնդիրները։
Այդ իսկ պատճառով իմ մշտական կապը աապահովելու եմ երևանցիների հետ ուղիղ՝ թե՛ համայնքային շրջայցերի ու շփումների, թե՛ պարբերական ընդունելությունների և թե՛ էլեկտրոնային հարթակների միջոցով։
Հարգելի՛ քաղաքապետ,
Ավագանու հարգելի՛ անդամներ,
Ամփոփելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել վստահության համար։
Սիրելի՛ երևանցիներ,
Ամեն մեկս մեր ուրույն ձևով ենք սիրում մեր երկիրն ու քաղաքը, և հենց այդ սերն է մեր նպատակներին հասնելու շարժիչ ուժը»։
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն