Երևան

Ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանին քննարկում է Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու որոշման նախագիծը։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, թե թիմը հնարավորություն կունենա այն փորձառությունը, որ Տիգրան Ավինյանն ունեցել է պետական համակարգում աշխատելու ընթացքում, կիրառել նաև Երևանում, և լուծել մայրաքաղաքի առջև ծառացած խնդիրները։

Իր ելույթի սկզբում Տիգրան Ավինյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի ինքնիշխանության համար մղվող մարտերում զոհված մեր զինվորների հիշատակը։

Տիգրան Ավինյանն անդրադարձավ նախորդ շաբաթ ադրբեջանական ռազմական ագրեսիային։ Նրա խոսքով, այդ ագրեսիան ոչ թե պետք է ընկճի կամ վհատեցնի, այլ սթափության ու քրտնաջան աշխատանքի կարևորության հիշեցում լինի. «Մեր զինվորների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել ապրել ու արարել, ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը և զարգացնել տնտեսությունը։ Ըստ էության, ներկայումս մեզ համար դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն։ Սրանք իրողություններ են, որոնց հետ մենք բոլորս պետք է հաշվի նստենք։ Եւ հետևապես մենք բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով»։