Երևան

Խոսելու ենք ավելի սմարթ քաղաքից. Տիգրան Ավինյանն անդրադարձել է համակարգային լուծումների անհրաժեշտությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու արտահերթ նիստում անդրադարձել է մայրաքաղաքի խնդիրներին համակարգային լուծումներ տալու անհրաժեշտությանը։

Պատասխանելով ավագանու անդամ Գառնիկ Վարդանյանի հարցին, Ավինյանը նշել է, թե 2022 թվականից սկսած կատարվող աշխատանքների ծավալներն ու տեմպերը վստահաբար ավելացել են. «Վստահաբար բոլոր այն քայլերը, որոնք մենք անում ենք և հիմա քաղաքապետարանում, և ապագայում՝ ավելի համակարգային լուծումների մասին է խոսքը՝ ավելի երկարաժամկետ։ Խոսելու ենք ավելի սմարթ քաղաքից, խոսելու ենք ոչ միայն աղբի հավաքագրումից, այլ նաև վերամշակումից»։ Ըստ նրա, խոսել և գեղեցիկ ծրագրեր են գրվել, որոնք, սակայն, մնացել են դարակներում։

Ըստ Ավինյանի, պետք են ոչ թե կիսալուծումներ, այլ՝ համակարգային լուծումներ. «Մենք պետք է կենտրոնանանք մարդկանց վրա, իրենց առօրյայի վրա, թե իրենք առավոտը զարթնելով, իրենց մուտքից դուրս գալով ինչ են տեսնում։ Այդ ճանապարհով գնալով քանի ժամ են կանգնում մի հատ «ապպա»-ի պատճառով խցանման մեջ, արդյոք ավտոբուսները պետք է ունենան առանձին գծեր, թե չպետք է ունենան»,- ասաց Տիգրան Ավինյանը նշելով, որ այս տեսակ խնդիրների մասին է խոսքը, ոչ թե միայն ավտոբուս գնել ու վերջ։ Այս համատեքստում նա անդրադարձել է նաև տրանսպորտային միասնական վճարման համակարգի անցնելու մասին։