Երևան

Տիգրան Ավինյանը կարևորել է քաղաքացիների հետ մշտական շփումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տիգրան Ավինյանն իր ելույթում շեշտեց, որ Երևանի համար պետք է հոգ տանի յուրաքանչյուր քաղաքացի։

Նրա խոսքով. «Մեր երազանքի Երևանն ունենալու համար առանց ձեր օգնության ուղղակի հնարավոր չէ։ Երևանի համար պետք է հոգ տանի նրա յուրաքանչյուր բնակիչ՝ ինչպես մի մեծ ընտանիքում, և այդ մշակույթի սերմանումը մեր առաջնային նպատակներից է։ Որքան էլ մեր մաքրության պահապանները մեր ետևից մաքրեն, մաքրությունը մեր բոլորի հանրային պատասխանատվությունն է. մեր կողմից հասանելիքն անելով քաղաքում բոլորովին այլ մթնոլորտ կստեղծենք»:

Ավինյանը շեշտեց, որ քաղաքում չկա մանր խնդիր, քանի որ հատկապես մանրուքներն են վնասում առողջ միջավայրին՝ փչացնելով մեր առավոտը և խաթարելով երեկոյան հանգիստը։

«Այս ամենն իրականություն դարձնելու համար անչափ կարևորում եմ մեր մշտական շփումները։ Ազնիվ լինենք՝ կաբինետային աշխատանքը հաճախ ստիպում է պաշտոնյային զատվել մարդկանց խնդիրներից, կենտրոնանալ թղթաբանության ու խորհրդակցությունների վրա և, ցավոք, կտրվել իրական կյանքից: Այս պրոցեսը միշտ չէ, որ բերում է դիպուկ լուծումների, ավելին՝ որոշ դեպքերում խորացնում է խնդիրները։

Այդ իսկ պատճառով իմ մշտական կապը աապահովելու եմ երևանցիների հետ ուղիղ՝ թե՛ համայնքային շրջայցերի ու շփումների, թե՛ պարբերական ընդունելությունների և թե՛ էլեկտրոնային հարթակների միջոցով»,- ասաց Տիգրան Ավինյանը։