Երևան

Կենտրոնանալու եմ փոխքաղաքապետի գործառույթների վրա. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում չի մեկնաբանել Երևանի ավագանու՝ 2023թ. ընտրությունների վերաբերյալ հարցերը։ Նա նշել է, թե կենտրոնանալու է աշխատանքի և միմիայն աշխատանքի վրա։ 

Տիգրան Ավինյանի խոսքով. «Ես այս պահին կենտրոնանալու եմ փոխքաղաքապետի գործառույթների վրա, և եկել եմ աշխատելու այն ուղղություններով, որ իմ համակարգման ոլորտում են։ Մնացած բոլոր հարցերը, կարծում եմ, առհասարակ ժամանակավրեպ են և դրանց մասին խոսելն այս պահին կարևոր չէ»։ Տիգրան Ավինյանը նշել է, որ ինքը համակարգելու է շինբարեկարգման, կանաչապատման ոլորտները, թաղապետարանների աշխատանքները, մշակույթի ոլորտը և ծրագրերը, որ իրականացվելու են կառավարության հետ։

Երևանի փոխքաղաքապետի խոսքով, 2018թ-ից բավական աշխատանք արվել է և որոշ խնդիրներ մեղմվել են. «Բայց նույն այդ աշխատանքները, որ արվել են, չէի համարի համակարգային լուծումներ որևէ ոլորտում, ամենայն հարգանքով այն աշխատանքի նկատմամբ, որ իրականացվել է, լինի դա աղբահանությունը, որ հավաքագրումը կա, վերամշակումը կա, լինի տրանսպորտի հարցը, որ միայն ավտոբուսները չեն, այլ ընդհանուր մեկ համակարգ է, մետրոյի հետ միացում է, մետրոյի շարունակության վերլուծություն է և շատ ու շատ այլ հարցեր։ Եւ առհասարակ, քաղաքն ունի նոր լուծումների, համակարգային լուծումների, տեխնոլոգիական լուծումների կարիք»։