Երևան

Մայրաքաղաքի բակային տարածքներում աշխատանքներ են տարվում տարբեր ուղղություններով

Մայրաքաղաքի բակային տարածքներում աշխատանքներ են տարվում տարբեր ուղղություններով

Երևանյան բակերում այս օրերին լայն թափով ընթացող բարեկարգման աշխատանքները մեկ նպատակ ունեն՝ հարմարավետ ու կանաչապատ միջավայր ապահովել բնակիչների համար: Ծրագրերի ընթացքին աշխատանքային այցերի շրջանակում ծանոթացել է Երևանի քաղաքապետը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների պատասխանատուների ուղեկցությամբ Հրաչյա Սարգսյանն այս անգամ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում էր:

Աջափնյակի խիտ բնակեցված 16-րդ թաղամասի առաջին շղթան ամբողջությամբ բարեկարգվում է: Այս պահին ընթացքի մեջ են կանաչապատման աշխատանքները: Համայնքի նախաձեռնած ծրագրի շրջանակում թաղամասում բնակիչների հանգստի համար ապահովվել են լիարժեք պայմաններ:

Ոռոգման նոր համակարգ կանցկացվի նաև 16-րդ թաղամասի երկրորդ շղթայում: Այն հնարավորություն կտա կանաչապատման ծավալուն աշխատանքներ տանել բակային տարածքում: 16-րդ թաղամասի ֆուտբոլի խաղադաշտը ևս կբարեկարգվի: Առաջարկը փոքրիկ ֆուտբոլասերներինն էր, որոնք քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին անձամբ ներկայացրեցին պայմանները:

Դավթաշեն վարչական շրջանում ծանոթանալով կենտրոնական այգու պայմաններին՝ Երևանի քաղաքապետը հանձնարարեց հանգստի այս գոտին ևս ներառել բարեկարգման ծրագրերում:

Մայրաքաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում առանձնակի է կարևորված գրունտային ճանապարհների նորոգումը: Հողային պաստառով այս փողոցները ոչ միայն դառնում են լիարժեք երթևեկելի, այլև կարևոր դերակատարում են ունենում երթևեկության բեռնաթափման համար: Դավթաշենում ևս նմանատիպ մեկ ճանապարհ է կառուցվում:

Լայն թափով իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ նախանշվում և նախագծվում են նոր ծրագրեր: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է գործնական ընթացք տալ դիտարկվող նախագծերին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական