Երևան

Հայկ Մարությանի արձագանքից նոր հարցեր են առաջանում

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով Radar Armenia-ի հրապարակմանը կապված Երևանի քաղաքապետարանում 2018-2021թթ. տեղի ունեցած չարաշահումների մասին՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է՝  

«Այս և մի շարք այլ իշխանական «անաչառ» լրատվամիջոցներ այսօր ամբողջ օրը այս նյութն են տարածում: Ժամանակը խնայելու համար երկար տեքստը կարդալ իմաստ չունի` դրա միակ իմաստն, իհարկե հնչեղ վերնագիրն է։

Դե, իսկ շարժառիթը անգամ քաղաքականությամբ չզբաղվող մեր քաղաքացիներն են հասկանում․ Ֆալշստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»:

Տղեք, ինչու չէ նաև աղջկեք, ես Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել , կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել։

Հ․Գ․ Հատկանշական է, որ ՊՎԾ-ն քաղաքապետարանում 2018-2021 թվականների չարաշահումներն էր փնտրում։ Դրանից առաջ ու դրանից հետո փաստորեն ոչինչ տեղի չի ունեցել ։»

Հիշեցնենք, որ մեր հրապարակման մեջ չարաշահումների կոնտեքստում անդրադարձ չկար Հայկ Մարությանին։ Մենք ընդամենը հրապարակել էինք ՊՎԾ կատարած ուսումնասիրությունից հասանելի դարձած տեղեկատվությունը։ Հետևապես, հասկանալի չէ, թե ինչու է մեր լրատվամիջոցը արժանացել չակերտավոր անաչառ պիտակին։ Նախկին քաղաքապետն իր գրառման մեջ կոչ է արել ժամանակ խնայել և չկարդալ նյութը, ինչը կրկին փոքր-ինչ տարակուսելի է, քանի որ նյութը վերաբերում է շուրջ 40 միլոն դոլարի չափով չարաշահումներին, որոնց մասին տեղեկատվությունը հավաքագրել է ՊՎԾ-ն, որը հենց նման չարաշահումների բացահայտման գործառույթ ունի։ 

Իրականում, պարոն Մարությանի արձագանքից նոր հարցեր են առաջանում. արդյո՞ք նա հերքում է չարշահումների փաստը, թե՞ ընդունում է, որ եղել են դրանք, բայց իր մասնակցությունը այդ գործընթացին չի եղել։ Արդյո՞ք պաշտոնավարման ընթացքում նա քայլեր ձեռնարկել է, որպեսզի հնարավոր խնդիրները բացահայտի և այլն։ Եթե պարոն Մարությանը ցանկանա բուն թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալ, Radar Armenia-ն պատրաստ է հրապարակել իր կարծիքը։