Երևան

Նոր վերելակների ձեռքբերման ծավալները կավելանան 10 տոկոսով

Նոր վերելակների ձեռքբերման ծավալները կավելանան 10 տոկոսով

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2022 թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ծրագրի ծավալներն ավելացնել 10%-ով: Նոր վերելակների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է:

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում համայնքն ազատ տարածք ունի, որն էլ կօգտագործվի այդ նպատակով: Երևանի քաղաքապետարանը նախագծային մրցույթ կհայտարարի:

ՄԱԿ-ի գործընկերների հետ համատեղ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունն արդիականացնելու ուղղությամբ: Սրան զուգահեռ՝ մայրաքաղաքի բակային տարածքներում շարունակվում է արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը:

2022 թ. մայիսին սեփական եկամուտների փաստացի գանձումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր առմամբ ավել է շուրջ 34%-ով, իսկ որոշ վարչական շրջաններում հավաքագրման նախանշված ծավալները գերակատարվել են: Քաղաքապետին զեկուցվել է, որ, այդուհանդերձ, կան վարչական շրջաններ, որոնց սեփական եկամուտների գանձումը չի գերազանցում 90%-ը:

Կարևորելով գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքում նախանշված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու համար շատ կարևոր է ապահովել հավաքագրման կատարողականը:

Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն անցած շաբաթ միացել էր Նոր Նորք վարչական շրջանը:

Զեկուցվել է, որ գործընթացն իրականացվել է խնդրահարույց տարածքներում, որոնք ներառում են 15 հասցե: Այս շաբաթ սանիտարական մաքրման աշխատանքներ կիրականացվեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական