Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ: ՄԱԿ-ի գործընկերների հետ այժմ քննարկվում են մի շարք նմուշներ, որոնք կփորձարկվեն հենց շենքի վրա: Քայլեր են ձեռնարկվում նաև Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունն արդիականցնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանում կկառուցվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Այն կապահովի ինչպես տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունը:
Երևանյան կանգառասրահների կահավորման և արդիականացման նպատակով կատարվում է գույքագրում: Նախորդ շաբաթ աշխատանքներ են տարվել Աջափնյակ, Շենգավիթ և էրեբունի վարչական շրջաններում: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ: Գործընթացը կմեկնարկի Աջափնյակից:
Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի ևս երեք դահլիճ կհիմնանորոգվի: Աշխատանքների սկիզբը նախանշված է 2023 թվականին: Մարզադահլիճների հիմնանորոգման նախագծման մրցույթը կայացել է այս տարի, ինչը հնարավորություն կտա մյուս տարի միանագամից մեկնարկել հիմնանորոգման աշխատանքները:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Այս պահին Երևանում 43 գործող աղբամուղ կա: Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն անցած շաբաթ միացել էր Աջափնյակ վարչական շրջանը: Այս շաբաթ շաբաթօրյակ կլինի Նոր Նորք վարչական շրջանում: