Արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքում մեկնարկել են գծանշման աշխատանքները: Ծանրաբեռնված երթևեկությունը չխոչընդոտելու համար գործընթացը հիմնականում կազմակերպվում է գիշերային ժամերին:
«Ըստ քաղաքի քարտեզագրման ու սխեմայի է կատարվում գծանշումը: Այս տարի մի քիչ ուշ սկսեցինք՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, բայց հիմա մեծ թափով ընթանում են աշխատանքները»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:
Ապրիլի 1-ից, ի դեպ, Երևանում գծանշումների, ինչպես նաև լուսացույցներ ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն անցել է համայնքին: Խնդրահարույց այս ոլորտը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ արծարծվող խնդիրները:
«Ներկի որակի պահանջն է խստացվել: Հաշվի ենք առել միջազգային փորձը և համապատասխան որակի ներկ ենք օգտագործում՝ ուշ մաքրվող, ավելի խիտ, բացի այդ էլ վրայի անդրադարձնող նյութն է փոխվել»,- ընդգծում է Հայկ Սարգսյանը:
«Ներկանյութերը համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, դրանց ավելացվում են ապակյա գնդիկներ, ինչը մեծացնում է ներկի անդրադարձելիությունը, և գիշերային ժամերին վարորդներն ավելի հեշտ են տեսնում գծանշումը»,- նշում է «Աշոտ Սահակյան» ընկերության տնօրեն Աշոտ Սահակյանը:
Փողոցները գծանշվում են հատուկ տեխնիկայով, ինչը հնարավորություն է տալիս գործընթացն ավելի արագ ու սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացնել: Ծրագրի իրագործումը վստահված է մրցույթում հաղթող ճանաչված երեք ընկերությունների, որոնք աշխատում են մի քանի խմբերով:
«Տեխնիկան ժամանակակից է, ավտոմատացված և ավելի քիչ աշխատուժ պահանջող: Համապատասխան գծանշման չափը տրվում է և դրան համապատասխան արվում է նշումը՝ ավելի հեշտ և ավելի արագ, ավելի բարձր որակով»,- ասում է Աշոտ Սահակյանը:
Ընթացիկ տարում ավելի քան 1 մլն գծամետր 10 և 15 սմ լայնությամբ գծանշում կարվի: Ձեռքով աշխատանքների ծավալը, որը հիմնականում ներառում է սլաքների, ճանապարհային նշանների ու հետիոտնային անցումների գծանշումը, կկազմի 768656 գծամետր: Շուրջ 2000քմ հատված էլ կգծանշվի ջերմապլաստիկով:
Փողոցների գծանշմանը զուգահեռ՝ շուտով կսկսվի նաև փողոցների բետոնե հենապատերի ներկման գործընթացը. 2022թ. շուրջ 24 000 քմ ուղղաձիգ գծանշում կարվի: