Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը երեկ ավագանու նիստում տեղեկացրել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք օրենքի խախտմամբ անասնագոմ սարքելու շինթույլտվություն է տրվել։
Radar Armenia-ի հետ զրույցում ավագանու անդամը մանրամասնեց, որ նշված տարածքը գտնվում է Չարբախում. «Կոնկրետ հասցե չասեմ։ Սահմանային, բուֆերային գոտում է»։
Ավագանու նիստին Վարդանյանն, իրավապահ մարմիններին դիմելով, խնդրեց՝ ուշադրության տակ վերցնել այս հարցն ու պարզել՝ ինչպես է ստացվել, որ առանց հողի նպատակային փոփոխության՝ նախկին քաղաքապետ Մարգարյանը տվել է անասնագոմի շինթույլտվություն։
Մեզ հետ զրույցում Վարդանյանը նշեց. «Իմ այդ խոսքն արդեն հաղորդագրություն է, ու իրավապահները պետք է զբաղվեն այդ հարցով։ Եվ ես պատրաստվում եմ հետևել, որ իրավապահները զբաղվեն։ Թե ինչ ընթացք կլինի, արդեն իմ դաշտից դուրս է»։
Ավագանու անդամը հավելեց. «Ապշած եմ, չգիտեմ՝ ինչ ասել, որովհետև մայրաքաղաքում անասնագոմի թույլտվություն տալն ինձ համար շատ մեծ, խորը, ցավալի մշակութային մտածողության խնդիր է։ Մեկն էլ իր տան մեջ ոչխար կարող է պահել և ինձ չվնասել, բայց հարցը քաղաքային մշակույթի մասին է։ Եթե սա մայրաքաղաք է, նրանում չպիտի լինեն անասնագոմեր։ Դա, կարծում եմ, բոլոր քաղաքացիների համար պարզ է»։
Ոսկեհատ Պողոսյան