Երևանի ավագանու նիստում քննարկվեց մայրաքաղաքի մի շարք պոլիկլինիկաների վերակազմակերպման նախագիծը։
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ներկայացնելով փաստաթուղթը, նշեց. «Երևանի առողջապահական համակարգի վերակենդանացման, առողջացման և արդիականացման ծրագիրը մեր առաջնահերթությունն է։ Ծրագրի առաջին փուլով առաջարկվում է փոքր՝ 10-25 հզ ազգաբնակչություն սպասարկող կենտրոնների վերակազմակերպում՝ միացման ճանապարհով»։
Փոխքաղաքապետը որոշ մանրամասներ ներկայացրեց։ Ըստ այդմ, առաջարկվում է.
1) Երևանի ենթակայության «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա» և «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ները վերակազմակերպել՝ միացնելով «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին,
2) Երևանի ենթակայության «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն վերակազմակերպել՝ միացնելով «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն» ՓԲԸ-ին,
3) Երևանի ենթակայության «Սարի Թաղ» պոլիկլինիկա» ՓԲԸ-ն վերակազմակերպել՝ միացնելով «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին,
4) Երևանի ենթակայության «Նորագավիթ» պոլիկլինիկա» ՓԲԸ-ն վերակազմակերպել՝ միացնելով «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին,
5) Երևանի ենթակայության «Նուբարաշեն» պոլիկլինիկա» ՓԲԸ-ն վերակազմակերպել՝ միացնելով «Նոր Արեշ» պոլիկլինիկա» ՓԲԸ-ին:
Փոխքաղաքապետը ներկայացրեց խնդիրների այն շրջանակը, որոնք, իր խոսքով, վերակազմակերպման արդյունքում կլուծվեն։ Նա նշեց, որ այդ պոլիկլինիկաներից մի քանիսը փոքր են, որտեղ նեղ մասնագիտական կաբինետի բժիշկների և միջին բուժանձնակազմի դրույքներն ստացվում են 0.25 դրույքից մինչև, առավելագույնը, 0.75։ «Սրան համապատասխանող աշխատաժամանակից ստացվում է օրական միջինը 3 ժամ, ինչի արդյունքում, հաճախ, տվյալ քաղաքացուն սպասարկող տեղամասային թերապևտի և նեղ մասնագետի աշխատաժամանակները չեն համընկնում, և քաղաքացին ստիպված է լինում 1-ից ավել անգամ այցեր կատարել՝ բավարար բուժօգնություն ստանալու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ որոշ դեպքերում նեղ մասնագիտական կաբինետները գործում են շաբաթական 1 կամ 2 օր, կամ ընդհանրապես չեն գործում, որովհետև այդ դրույքաչափերով և աշխատավարձերով հնարավոր չէ մասնագետներ ներգրավել։
Փոխքաղաքապետի ներկայացմամբ՝ նշված պոլիկլինիկաներում մանկական ազգաբնակչությանն սպասարկող նեղ մասնագիտական կաբինետի միջին ամսական աշխատավարձը 78 հզ դրամ է, բուժքրոջ աշխատավարձը՝ 40 հզ դրամ. «Ես ամաչում եմ՝ այս թվերը կարդալիս։ Մեծահասակ ազգաբնակչությանն սպասարկող նեղ մասնագիտական կաբինետի բժշկի միջին աշխատավարձը 86 հզ դրամ է, բուժքրոջինը՝ 44 հզ դրամ։ Այս ամենի արդյունքում բնակիչներն ուղևորվում են այլ պոլիկլինիկաներ, ինչն իր հերթին առաջացնում է նրանց արդարացի դժգոհությունը, ինչպես նաև՝ հանգեցնում բնակչության արտահոսքի, քանի որ բնակիչը ցանկանում է ամբողջ ընտանիքի համար համալիր ծառայությունների փաթեթն ստանալ մեկ վայրում»։
Նրա խոսքով՝ դա նաև պատճառ է դառնում, որ բնակիչներն ուղևորվեն մասնավոր կենտրոններ. «Որոշման արդյունքում հնարավորություն կստեղծվի մեկ տեղում ընտանիքի բոլոր անդամների համար ապահովել անհրաժեշտ արտահիվանդանոցային օգնության և սպասարկման տեսակները՝ ողջ ծավալով և անհամեմատ բարձր որակով»։
Ըստ փոխքաղաքապետի՝ որոշ կենտրոններում մեծ պարտքեր են կուտակվել, և հույս ունեն, որ «առողջացման» շնորհիվ շուտով դրանք կմարեն. «Ունենք պոլիկլինիկա, որտեղ աշխատավարձերի գծով կան կուտակված պարտքեր, աշխատողներն ամիսներով աշխատավարձ չեն ստանում, որովհետև փոքր պոլիկլինիկա է։ Ամփոփելով՝ ասեմ. ո՛չ մեր քաղաքացիներն են արժանի այս պայմաններում ծառայություն ստանալուն, ո՛չ էլ մեր բուժաշխատողներն են արժանի՝ այս պայմաններում աշխատել»։
Սիմոնյանը նշեց նաև, որ գործընթացի հիմքում դրված չէ կադրային օպտիմալացումը, և սկզբունքն այն է, որ որևէ աշխատակից չկրճատվի վերակազմավորման արդյունքում։