Երևան

Հանրային տրանսպորտում հնարավոր կլինի վճարել էլեկտրոնային տարբերակով

Երևանում շուտով կմեկնարկի պիլոտային ծրագիր, որը կլինի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման առաջին քայլը: Մասնավորապես, մեկ կամ երկու ամսից Երևանի մինչև 3 երթուղում հնարավոր կլինի վճարում կատարել քարտային համակարգով, QR կոդով, տեխնիկական այլ միջոցներով:

Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը «Արմենպրեսին» հայտնել է, որ սա փորձնական ծրագիր է հասկանալու համար բացերը, առավելությունները:

Ըստ նրա, միասնական քարտային համակարգի վերջնական ներդրման համար անհրաժեշտ է, որ տրանսպորտային պարկը լինի թարմացված: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մինչև տարեվերջ 80 տոկոսով թարմացնել ավտոբուսային պարկը: Մինչ այժմ Երևան է ներկրվել է 100 փոքր դասի և 211 միջին դասի ավտոբուս: Ընդհանուր 311 շարժակազմով թարմացվել է Երևանի ավտոբուսների պարկը: Ներկրված բոլոր ավտոբուսները շահագործվում են, չհաշված՝ ռեզերվները: