Երևան

«Աջափնյակ» կայարանը քաղաքի այլ ուղղություններում մետրոյի կառուցման հնարավորություն է տալիս

«Աջափնյակ» կայարանը քաղաքի այլ ուղղություններում մետրոյի կառուցման հնարավորություն է տալիս

Այսօր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ, վերջապես, գործնական քայլեր են արվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ։ Այնուհետ, ՀՀ կառավարության նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտատարեց, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի վերաբերյալ հայտարարված մրցույթում հաղթող կա: «Parking City Service» ընկերության կողմից Երևանին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը Radar Armenia-ի հետ զրույցում կարևորեց մետրոյի նոր կայարանի կառուցումը՝ նշելով, որ այն քաղաքի ընդհանուր տրանսպորտային համակարգում շատ կարևոր դերակատարություն ունի, էկոլոգիապես ավելի լավն է, մատչելի և քաղաքը բեռնաթափում է խցանումներից. «Կարևոր չէ՝ հետագայում քաղաքային ինչ իշխանություն կլինի, կարևորը՝ ցանկություն լինի։ Աջափնյակից բացի՝ կարող են այլ կայարաններ նույնպես կառուցվել, քանի որ այս կայարանը հնարավորություն է տալիս հետագայում շարունակել մետրոյի կառուցումը՝ քաղաքի այլ ուղղություններում ևս»։

Զաքարյանը դրական գնահատեց, որ նախագծման աշխատանքի համար անհրաժեշտ գումարն արդեն կա, քանի որ աշխատանքները մտնում են գործնական փուլ, ու դրանից հետո կսկսվեն կառուցապատման աշխատանքները. «Քանի որ մեծ նախագիծ է, շատ կարևոր է անհրաժեշտ գումարի ներգրավան ընթացքը. բավական թանկ արժե մետրոյի կառուցումը։ Դրա համար նաև տարբերակներ են քննարկվում՝ մասնավոր ոլորտին ներգրավելու ու կառավարության աջակցությամբ աշխատանքներն իրականացնելու համար։ Այսօր կառավարությունն իր աջակցությունը հայտնեց»։

Երևանի ավագանու անդամն ընդգծեց նաև, որ 3,5 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանը «Իմ քայլը»-ի նախընտրական ծրագրով առաջ է շարժվում, և շատ խոստումներ արդեն իսկ կատարվել են. «Այդ թվում՝ աղբահանության խնդրի լուծում, վերելակների տեղադրման, տրանսպորտային համակարգի բարելավման աշխատանքներ, որոնք այս տարի ևս շարունակվում են։ Կոնկրետ քայլեր են արվել։ Վստահ եմ՝ մարդկանց մեծ մասը, դրանից ելնելով, չի մտածում, որ մենք ուղղակի խոստումներ ենք տվել։ Մետրոյի կայարանի կառուցման աշխատանքներն ինչ-որ փուլում կանգ էին առել, խնդիրներ կային, հիմա, կարծես, այդ խնդիրները հարթվել են»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական