Համաշխարհային օդի որակի 2021թ. ամփոփման համաձայն՝ օդի աղտոտվածությամբ Երևանը Եվրոպայի ամենակեղտոտ մայրաքաղաքն է. այն զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ Երևանում փոշու կոնցեպտացիան գերազանցում է սահմանված նորմը, իսկ ամենաաղտոտված շրջանը կենտրոնն է։

Radar Armenia-ն բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ խոսել է մայրաքաղաքի աղտոտվածության և դրա կանխարգելիչ միջոցառումների մասին։
- Տիկին Սարաֆյան, ի՞նչն է հանգեցնում օդի աղտոտվածությանը։
- Այդպիսի օր չկա, որ մեր քաղաքում փոշու կոնցեպտացիան լինի թույլատրելի նորմայի սահմաններում։ Մեզ մոտ չկա ոչ մի պաշտպանիչ գոտի, միջոց, որպեսզի փոշուց պաշտպանվենք։ Քաղաքում շինարարությունը բարձր մակարդակի վրա է, բայց չկան կլանիչներ, որոնք կկլանեն, իրենց վրա կվերցնեն շինարարությունից առաջացած փոշին։ Կա մոտ 30 շինանյութերի հանքավայր. եթե առաջ ունեինք շատ լուրջ պաշտպանական գոտիներ՝ ի դեմս Սարալանջի այգիների, Նորքի անտառների և այլն, հիմա պաշտպանիչ միջոցներ չունենք։ Մենք նաև կորցրել ենք չերևացող, բայց շատ կարևոր նշանակություն ունեցող փոքր բակերի կանաչապատումը։
- Ի՞նչ միջոցառումներ պետք է անցկացնել՝ օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար։
- Առաջին հերթին պետք է արգելել անօրինական շինարարությունները, այգիների վերացումը։ Պետք է պահպանվեն շինարարական նորմաները։ Դրանք պետք է ընդունվեն, որպեսզի ապահովեն նորմալ, ոչ ագրեսիվ շրջակա միջավայր։
Փոշուց պաշտպանվելու միջոց է նաև կանաչ գոտիների ստեղծումը։ Փոշին հենց այնպես չի կարող անհետանալ, պետք է բուսականություն լինի, որ փոշին կլանի. մենք չունենք կլանիչներ։ Մենք ունեինք Երևանի շուրջն անտառ, այգիներ, ինչը հզոր պաշտպանիչ շերտ էր, բայց քիչ-քիչ վերացվեց։
Պաշտպանիչ շերտ է նաև ջուրը։ Երևանի միջով հոսող Հրազդան գետն արդեն չի հանդիսանում որպես ջրային աղբյուր, որովհետև ամբողջը կառուցապատված է։ Իսկ Գետառ գետը, որն էլի շատ մեծ նշանակություն ուներ Երևանի համար, վերցված է խողովակի մեջ։ Պատկերացնո՞ւմ եք՝ մենք ուղղակի կտրել ենք մեր ջրային թոքերը։
Մենք պետք է շուտափույթ վերականգնենք մեր բակերի ու բոլոր ազատ տարածքների կանաչապատումը։ Երբ անտառը վերացվում է, պետք է դրա փոխարեն մի բան լինի՝ հենց անտառ։
Հասարակական խորհրդի կազմով քաղաքապետարանին խնդրել ենք, որ գոնե կանաչապատման այս մասը մնա։ Չկա քաղաքապետարանի այնպիսի թիմ, ում մենք չենք դիմել քաղաքաի աղտոտվածության խնդրով։ Կարելի է որոշում ընդունել, որպեսզի գոնե շարունակական բնույթ չկրի անտառների վերացումը, որովհետև այգիներից մի փոքր մասն է մնացել, ու ոչնչացման պրոցեսն ընթանում է։
Հասարակության բարձրացրած աղմուկի արդյունքում քաղաքապետարանը մերժեց Ավանի տարածքում գործարանի կառուցումը, որտեղ պետք է վերամշակվեին արդյունաբերական նյութեր։ Այդ գործարանի ստեղծումը շատ վտանգավոր կլիներ հասարակության համար։
Ոսկեհատ Պողոսյան