Երևանի տարբեր հատվածների բակերում առնետների խնդիրը շարունակում է մնալ ակտուալ։ Բազմաբնակարան շենքերի աղբատար խողովակների փակվելուց հետո էլ խնդիրը կրկին գլուխ է բարձրացրել։ Բնակիչները բողոքում են կրծողների հետ կողք կողքի բնակվելու առնչությամբ։
Երևանում առնետների դերատիզացման խնդրի կարգավորմամբ զբաղվում են համատիրությունները, որոնք համապատասխան կազմակերպությունների հետ պայմանագրեր են կնքում, և վերջիններս հանրային օգտագործման տարածքներում՝ աղբամուղներում և աղբախցերում, կատարում են դերատիզացիոն գործողություններ։
Քաղաքապետարանի լրատվության բաժնի փոխանցմամբ՝ դա ներառում է շենքի մուտքի տարածքն ու շենքից դուրս 1,5-2 մ շառավղով տարածք։ Որպես կանոն՝ 5-7 մ շառավղով տարածքում կասկածելի խորշեր, փոսեր տեսնելու դեպքում դերատիզացիոն կազմակերպության աշխատակիցներն այդ տարածքներում ևս լցնում են թունադեղեր՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար, կանխելով առնետների՝ կասկածելի խորշերից դուրս գալն ու շենքի մուտքեր մտնելը, բայց դա անելու համար անմիջական պարտավորություններ չեն կրում։
Քաղաքապետարանի լրատվության բաժնից ասացին, որ կառավարությունը սահմանել է նորմ, ըստ որի՝ առնվազն երեք ամիսը մեկ անգամ պետք է դերատիզացիա կատարվի. «Դերատիզացիոն աշխատանքները, սահմանված կարգով, բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են»։
Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ առնետների բազմացումը զոնուս վարակների ակտիվացման ռիսկ է պարունակում, այսինքն՝ այն վարակների, որոնց ակունք հանդիսանում են կրծողները։ Դա քաղաքային վայրերում կարող է լինել լեպտոզ ֆիրոզը, առնետի խայթոցից առաջացող վիրուսային բնույթի հիվանդությունը՝ սոդոխոն, իսկ եթե խոսքը գնում է բնական օջախների մասին՝ ժանտախտ, տուլարեմիա և այլ զոնուս վարակներ։
Համաճարակաբանը նշում է, որ առնետի կծելու պարագայում պետք է անմիջապես դիմել բժշկի, որովհետև կան միջոցառումներ, որոնք պարտադիր է իրականացնել՝ կծած հատվածն առաջնային մշակելով, որը կանխում է երկրորդային վարակն ու որոշ այլ վարակներ (օրինակ՝ փայտացումը, որը կարող է կծած վերքը կեղտոտվելու դեպքում զարգանալ)։
«Դրանից հետո արդեն պարտադիր է անել նաև կատաղության պրոֆիլակտիկա, որովհետև որոշ դեպքերում առնետները նույնպես կարող են հանդիսանալ կատաղության փոխանցող, և չմոռանալ հետագա հսկողության մասին»,- ասաց համաճարակաբանը։
Առնետների ազատ տեղաշարժի խնդիրը մշտապես առկա է։ Բնակավայրերում, որտեղ կա կրծողների համար սնունդ, խնդիրն արդիական է, ու պետք է մշտապես իրականացնել դերատիզացիոն միջոցառումներ, որպեսզի դրանց թվաքանակն այնքան չավելանա, որ դա, մարդու հետ կոնտակտի առումով, դառնա ռիսկային։ Կրծողների դեմ կանխարգելիչ միջոցառումները պետք է լինեն՝ ոչ թե ըստ իրավիճակի, այլ՝ պրոֆիլակտիկ, որպեսզի կրծողների թիվը կտրուկ չաճի, ու այդ շրջանում հիվանդությունների դեպքեր չգրանցվեն։
Ոսկեհատ Պողոսյան