Նիդերլանդների Թագավորության ու Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակում ընթանում է World Press Photo ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը ներկայացնում է աշխարհահռչակ ֆոտոմրցույթի 2021թ. լավագույն լուսանկարները։ Վավերագրական լուսանկարչության սիրահարները հնարավորություն ունեն վայելել ցուցահանդեսը մինչև մարտի 7-ը, Ճարտարապետության ազգային թանգարանում։
«Նիդերլանդների կառավարությունը արժևորում է մամուլի ազատությունը ու, քանի որ World Press Photo մրցույթը կարևոր հարթակ է վավերագրող լուսանկարիչների համար, մենք ցանկանում ենք Հայաստանի քաղաքացիներին աշխարհի լավագույն վավերագրական լուսանկարները տեսնելու հնարավորություն տալ, այդ թվում և Հայաստանը ներկայացնող լուսանկարիչ Վաղինկան Ղազարյանին, որ նույնպես անցած տարվա մրցույթի հաղթողներից է», - նշել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։
Ցուցահանդեսում ներկայացված են նաև վավերագրող-լուսանկարիչ Վաղինակ Գալստյանի աշխատանքները։ Հեղինակը ներկայացրել է Արցախյան 44-օրյա պատերազմի մի շարք դրվագներ, որտեղ պատկերված է հայ զինվորի կամքն ու ուժը։ Պատերազմի ընթացքում լուսանկարիչն իր մեքենայով շրջել է Արցախի և Սյունիքի սահմաններում, վավերագրել պատերազմի հետքերը։
Լուսանկարչի՝ «Քնած Զինվորը» լուսանկարը արժանացել է World Press Photo ֆոտոլրագրության միջազգային մրցույթի 3-րդ մրցանակին՝ «Ժամանակակից խնդիրներ՝ մեկ լուսանկարով» անվանակարգում։
Հեղինակը պատկերել է քնած զինվորին խրամատում (Սյունիքի հյուսիսարևելյան մասում՝ Ներքին Խնձորեսկ, 44-օրյա պատերազմ)։