Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունն սկսել է անհրաժեշտ ընթացակարգերը հանրապետության՝ Անկախ պետությունների համագործակցությունից լիակատար դուրս գալու համար, հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխայիլ Պոպշոյը։
Նա նշել է, որ նախարարությունն այժմ մշակում է միջազգային կազմակերպության ստեղծման հիմքում ընկած համաձայնագրերի, մասնավորապես՝ ԱՊՀ հիմնադիր համաձայնագրի և դրա հավելվածի, ինչպես նաև ԱՊՀ կանոնադրության չեղարկման փաստաթուղթ։
«Այս երեք հիմնարար համաձայնագրերի չեղարկմամբ Մոլդովայի Հանրապետությունը պաշտոնապես կդադարի լինել ԱՊՀ մաս։ Եվ այս գործընթացն արդեն սկսվել է։ Մենք այս որոշումը վերջերս ենք կայացրել։ Հաստատման գործընթացն սկսվել է»,- ասել է Պոպշոյը «Ռադիո Մոլդովայի» եթերում։
Նրա խոսքով՝ նոր խորհրդարանական նստաշրջանի մեկնարկից հետո չեղարկման փաստաթղթերը կներկայացվեն օրենսդիրներին՝ վերանայման համար։
«Փետրվարի կեսերին մենք, հավանաբար, կավարտենք կառավարության գործընթացները։ Դրանից հետո խորհրդարանը կկայացնի այս որոշումը»,- նշել է նա և հավելել, որ եթե օրենսդիր մարմինը հաստատի երեք հիմնադիր համաձայնագրերի չեղարկումը, իսկ նախագահը հաստատի դրանք տեխնիկական փուլերն ավարտելուց հետո, Մոլդովան այլևս չի լինի ԱՊՀ մաս։