Միջազգային

Չինաստանում գրանցվել է ծնելիության ամենացածր մակարդակը. CNN

Չինաստանում գրանցվել է ծնելիության ամենացածր մակարդակը. CNN

Չինաստանում 2025 թվականին գրանցվել է ծնելիության ամենացածր մակարդակը, քանի որ բնակչությունը կրճատվել է չորրորդ տարին անընդմեջ՝ խորացնելով ժողովրդագրական մարտահրավերը, որը կարող է տասնամյակներ շարունակ ազդել աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության վրա։

Չինաստանի ազգային վիճակագրական բյուրոն հայտնել է, որ ցուցանիշը նվազել է մինչև 5.63 ծնունդ 1000 մարդու հաշվով, ինչը ցածր է 2023 թվականի ամենացածր ցուցանիշից՝ 6.39 ծնունդ 1000 մարդու հաշվով։

Պեկինը փորձում է շրջել իրավիճակը տարբեր քաղաքականություններով՝ երեք տարեկանից փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին կանխիկ վճարումներ, ամուսնության գրանցման պարզեցված ընթացակարգեր, անվճար նախադպրոցական կրթություն, հարկային արտոնություններ և բնակարան գնելու ու վարձելու համար օգնություն։ Տեղական մակարդակներում նաև առաջարկվում են ֆինանսական աջակցություն և երկարացված մայրության արձակուրդ։ Այնուամենայնիվ, այս միջոցները չեն կարողացել շրջել բնակչության նվազման միտումը։

CNN-ը գրում է, որ 60 տարեկանից բարձր բնակչության թիվը 2025-ին հասել է 323 միլիոնի՝ կազմելով ընդհանուր բնակչության 23 տոկոսը։ ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2100 թվականին երկրի բնակչության կեսը կարող է 60 տարեկանից բարձր լինել։ Սա լուրջ մարտահրավեր է երկրի տնտեսության, աշխատուժի և նույնիսկ զինվորական հզորության համար։

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա Չինաստանը 2025-ին գրանցել է 5 տոկոս աճ՝ հասնելով կառավարության տարեկան նպատակին։ Չորրորդ եռամսյակում աճը դանդաղել է մինչև 4,5 տոկոս՝ դառնալով ամենացածր եռամսյակային ցուցանիշը COVID-19 համավարակից հետո տնտեսության վերաբացումից ի վեր։ Տնտեսությունը հիմնականում ապավինել է արտահանման վրա՝ ներքին սպառումը մնալով թույլ։ Երկիրը 2025-ին գրանցել է ռեկորդային 1,2 տրիլիոն դոլարի առևտրային ավելցուկ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական