ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայում ստեղծված իրավիճակի պատճառով նա մաքսատուրքեր է սահմանում Դանիայի և այն եվրոպական երկրների նկատմամբ, որոնք իրենց զորքերն ուղարկել են կղզի՝ դանիական թագավորության կողմից համակարգվող զորավարժություններին մասնակցելու համար: ԱՄՆ նախագահը այս մասին գրել է Truth Social-իում։
«2026 թվականի փետրվարի 1-ից սկսած՝ վերոնշյալ բոլոր երկրները (Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ և Ֆինլանդիա) կենթարկվեն 10% մաքսատուրքի Ամերիկայի Միացյալ Նահանգներ առաքվող բոլոր ապրանքների համար»,- գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ մաքսատուրքը հունիսի 1-ից կբարձրացվի մինչև 25%: Այն ուժի մեջ կմնա մինչև «Գրենլանդիայի լիակատար և անվերապահ գնման վերաբերյալ համաձայնագրի կնքումը»։
ԱՄՆ նախագահը նաև կրկնել է, որ Չինաստանը և Ռուսաստանը «ցանկանում են տիրանալ Գրենլանդիային», և որ Դանիան ոչինչ չի կարող անել դրա հետ կապված։
«Նրանք ներկայումս ունեն երկու շների թիմ՝ պաշտպանության համար, որոնցից մեկը վերջերս է ձեռք բերվել»,- գրել է նա։