Միջազգային

Իրանում նոր ղեկավարություն որոնելու ժամանակն է․ Թրամփ

Իրանում նոր ղեկավարություն որոնելու ժամանակն է․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը կոչ է արել վերջ դնել Այաթոլլա Ալի Խամենեիի 37-ամյա իշխանությանը։

«Ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն որոնել»,- Politico-ին ասել է Թրամփը՝ նշելով, որ ռեժիմի դեմ ուղղված զանգվածային բողոքները, կարծես, թուլացել են։

Կայքը գրում է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում երկրի ողջ տարածքում հազարավոր ցուցարարներ են սպանվել, ինչի հետևանքով Թրամփը բազմիցս սպառնացել է ռազմական միջամտությամբ։ Երեքշաբթի օրը նա կոչ էր արել իրանցիներին շարունակել բողոքները և «վերահսկողություն հաստատել հաստատությունների վրա», հայտարարելով, որ «օգնությունը ճանապարհին է»։

Սակայն արդեն հաջորդ օրը նախագահը կտրուկ փոխել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ իրեն տեղեկացրել են, թե սպանությունները դադարել են։

«Նրա երբևէ ընդունած լավագույն որոշումն այն էր, որ երկու օր առաջ ավելի քան 800 մարդու կախաղան չհանեց»,- ասել է Թրամփը, երբ նրան հարցրել են Իրանի դեմ հնարավոր ամերիկյան ռազմական գործողության ծավալի մասին։

Թրամփի մեկնաբանությունները հնչել են, երբ Խամենեիի X-ի էջում հրապարակվել են Թրամփի դեմ ուղղված մի շարք գրառումներ, որոնցում ԱՄՆ նախագահը մեղադրվում էր Իրանում տեղի ունեցող մահաբեր բռնությունների և անկարգությունների համար։

«Մենք ԱՄՆ նախագահին մեղավոր ենք համարում իրանական ժողովրդի դեմ իրականացված զոհերի, վնասների և զրպարտությունների համար»,- գրել է Խամենեին։

Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ Թրամփը բռնի խմբավորումները սխալ կերպով ներկայացրել է որպես իրանական ժողովրդի ներկայացուցիչներ՝ դա որակելով «զարհուրելի զրպարտություն»։

Երբ Թրամփին ընթերցել են այդ գրառումները, նա հայտարարել է, որ Թեհրանի իշխանությունները կառավարում են ճնշման և բռնության միջոցով։

«Այն, ինչի մեջ նա մեղավոր է՝ որպես երկրի ղեկավար, դա երկրի լիակատար կործանումն է և բռնության կիրառումը երբևէ չտեսնված մակարդակով»,- ասել է Թրամփը և հավելել, որ Իրանի ղեկավարությունը պետք է կենտրոնանա երկրի ճիշտ կառավարման վրա, ինչպես ինքն է անում անում Միացյալ Նահանգներում, և ոչ թե «հազարավոր մարդկանց սպանելով պահպանի վերահսկողությունը»։

«Առաջնորդությունը հարգանքի մասին է, ոչ թե վախի և մահվան»,- հավելել է նա։

Այս փոխադարձ հայտարարությունները վկայում են Վաշինգտոնի և Թեհրանի միջև հռետորաբանության սրման մասին՝ տարածաշրջանի համար վտանգավոր պահին, այն պայմաններում, երբ Խամենեին վերջերս հանդես էր եկել հրապարակային ելույթով՝ պնդելով, թե «իրանական ժողովուրդը հաղթել է Ամերիկային», գրում է կայքը։ 

Թրամփը նաև անձնական մակարդակում է սրել քննադատությունը՝ դատապարտելով Խամենեին և Իրանի կառավարման համակարգը։

«Այդ մարդը հիվանդ է, որը պետք է ճիշտ կառավարի իր երկիրը և դադարեցնի մարդկանց սպանելը։ Վատ կառավարման պատճառով նրա երկիրն աշխարհի ամենավատ վայրն է ապրելու համար»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական