ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է, որ Թրամփի անմիջական միջամտությամբ Իրանում հաջողվել է կասեցնել նախապատրաստվող զանգվածային մահապատիժները։
Բանագնացի խոսքով՝ տնտեսական խոր ճգնաժամի մեջ գտնվող Իրանը կարող է խուսափել ծանր հետևանքներից, եթե դիվանագիտական լուծում տա միջուկային հարստացման, հրթիռային ծրագրի և պրոքսի խմբավորումների խնդիրներին։
«Եթե Իրանը ցանկանում է վերադառնալ միջազգային հանրություն, մենք կարող ենք լուծել այդ խնդիրները դիվանագիտական ճանապարհով, և դա կլինի հիանալի հանգուցալուծում, իսկ այլընտրանքը վատն է լինելու»,- ասել է նա։
Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Իրանի դեմ որևէ ռազմական գործողություն կլինի, Ուիթքոֆֆը պատասխանել է, որ դիվանագիտական լուծումն է առաջնահերթ։
«Հուսով եմ՝ դիվանագիտական լուծում կլինի։ Կա չորս հարց՝ ուրանի հարստացման դադարեցում, հրթիռների պաշարների կրճատում, շուրջ 2 տ հարստացված միջուկային նյութի կրճատում (3.67–60%), տարածաշրջանային միջնորդներին աջակցության դադարեցում»,- ընդգծել է նա։