Հունվարի 16-ին էլեկտրամատակարարման խոշոր վթարի հետևանքով խափանվել է Տոկիոյի հիմնական երկաթուղային գծերի աշխատանքը։ Վթարը տեղի է ունեցել առավոտյան պիկ ժամին՝ կաթվածահար անելով առանցքային երթուղիները և ստիպելով միլիոնավոր ուղևորների օգտվել այլընտրանքային փոխադրամիջոցներից կամ աշխատել հեռավար, հայտնում է Bloomberg-ը։
JR East ընկերության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ դադարեցված էր Յամանոտե օղակաձև գծի երթևեկությունը, ինչպես նաև խափանումներ էին արձանագրվել Կեյհին-Տոհոկու և Տոկաիդո գծերում։ Երթևեկության լիարժեք վերականգնումը սպասվում է ոչ շուտ, քան ժամը 13:00-ին։
Խափանման պատճառը երկաթուղային գծերին մոտ գտնվող էլեկտրական սարքավորումներում բռնկված հրդեհն է։ Միջադեպի հետևանքով JR East-ի բաժնետոմսերը նվազել են 3.6 տոկոսով, իսկ քաղաքում առաջացել են երթևեկության խցանումներ։
Քաղաքային իշխանությունները նշել են, որ Տոկիոյում և հարակից շրջաններում օրական ավելի քան 14 միլիոն մարդ օգտվում է երկաթուղային տրանսպորտից, ուստի նման խափանումները լուրջ ազդեցություն են ունենում քաղաքային կյանքի վրա։