Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հերքել է երկրում վերջերս տեղի ունեցած ցույցերի ընթացքում զանգվածային զոհերի մասին պնդումները։
Fox News հեռուստաալիքի եթերում նա հաղորդավարի կողմից նշված զոհերի թվի գնահատականները՝ 2500-ից մինչև ավելի քան 12 000 ցուցարար, անվանել է անհիմն։ Նախարարի խոսքով՝ զոհերի թիվը հաշվվում է հարյուրներով։
«Երբ դրսից ղեկավարվող ահաբեկչական տարրեր մտան այս բողոքների մեջ և սկսեցին կրակել ոստիկանության ուժերի, ոստիկանների և անվտանգության ծառայողների վրա… Ահաբեկչական խմբավորումներ եկան, կիրառեցին ԴԱԻՇ-ի ոճով ահաբեկչական գործողություններ։ Նրանք ոստիկաններին վառեցին կենդանի, գլխատեցին և կրակ բացեցին ինչպես ոստիկանների, այնպես էլ ժողովրդի վրա։ Այդպիսով՝ երեք օր շարունակ մենք իրականում պայքարեցինք ահաբեկիչների դեմ, և ոչ թե ցուցարարների»,– ասել է Արաքչին՝ հավելելով. «Դա բոլորովին այլ պատմություն էր»։
Ըստ նրա, «Սա Իսրայելի կողմից հյուսված դավադրություն էր, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներքաշեն պատերազմի մեջ»։
Արաղչին հավաստիացրել է, որ իրավիճակը այժմ վերահսկվում է. «Ահաբեկչական գործողություններից 3 օր հետո Իրանում իշխանությունները ամբողջական վերահսկողություն ունեն։ Իրանում իրավիճակը հանդարտ է»։