Մոսկվայում Միացյալ Թագավորության ժամանակավոր հավատարմատար Դեյնի Դոլակիային կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան հանձնվել է բողոքի նոտա՝ ռուսական իրավասու մարմինների կողմից ստացված տեղեկությունների հիման վրա, համաձայն որոնց՝ դեսպանատան դիվանագիտական աշխատակիցներից մեկը ՄԹ հատուկ ծառայությունների աշխատակից է։
Դ. Դոլակիային տեղեկացրել են, որ վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով, ինչպես նաև 1961 թվականի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն, տվյալ անձի հավատարմագրերը հետ են կանչվում, և նա պարտավոր է երկու շաբաթվա ընթացքում լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը։
Նշվել է, որ Մոսկվան չի հանդուրժի Ռուսաստանի տարածքում Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների չհայտարարած աշխատակիցների գործունեությունը։ ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ բրիտանական կողմին նաև նախազգուշացրել են, որ եթե Լոնդոնը գնա սրացման ճանապարհով, ռուսական կողմը կտա վճռական «համարժեք» պատասխան։