Չինաստանի արտգործնախարար Վան Յին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Չինաստանի արտգործնախարարության տվյալներով՝ իրանական կողմը հայտարարել է, որ երկրում իրավիճակը «ներկայումս կայուն է»։
Զրույցի ընթացքում Արաղչին հույս է հայտնել, որ Չինաստանն ավելի ակտիվ դեր կխաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։
Վան Յին, իր հերթին, ընդգծել է, որ Չինաստանը դեմ է այլ երկրների պարտադրանքին և «ջունգլիների օրենքի» վերադառնալուն։ Նա նշել է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կկարողանան միավորվել, հաղթահարել դժվարությունները, պահպանել ազգային կայունությունը և պաշտպանել իրենց օրինական իրավունքներն ու շահերը։
Չինաստանի արտգործնախարարը նաև կոչ է արել բոլոր կողմերին՝ գնահատել խաղաղությունը, զսպվածություն ցուցաբերել և տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով՝ նշելով Չինաստանի պատրաստակամությունը կառուցողական դեր խաղալ այս գործընթացում։