Իրանի վերջին զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թվի վերաբերյալ տվյալներ են տրամադրում մի քանի կազմակերպություններ։ Հաճախ հրապարակումներում կան էական տարբերություններ թե՛ հրապարակված թվերի մեջ, թե՛ աղբյուրների, թե՛ մեթոդաբանության։ Սակայն ակնհայտ է մի փաստ, որ տեղեկատվության խիստ սահամանափակ լինելը հնարավորթյուն չի տալիս բոլորին ներկայացնել վստահելի տվյալներ կամ իրականացնել արժանահավատ դիտարկումներ։
Radar Armenia-ն ներկայացնում է միջազգային մամուլում տեղ գտած հրապարակումները Իրանում զոհերի թվի և տուժածների հետ կապված․
Ամերիկայում գործող Human Rights Activists News Agency (HRANA)-ն հաստատել է վերջին 17 օրվա ընթացքում 2,403 զոհերի մասին։ Սպանվածների թվում եղել է 12 երեխա (18 տարեկանից փոքր)։ Բացի այդ, զոհվածների թվում եղել է նաև ինը անձ (ո՛չ զինվորական, ո՛չ էլ ցուցարար)։ Սպանվել է անվտանգության ուժերի 147 անդամ և կառավարության կողմնակից, այդ թվում՝ կառավարության գծի հինգ քաղաքացիական կողմնակից։
Կազմակերպությունը հայտնել է, որ ամբողջ երկրում գրանցվել է ընդհանուր առմամբ 614 բողոքի ցույց։ Այս ցույցերը տեղի են ունեցել 187 քաղաքներում և ընդգրկել են երկրի բոլոր 31 նահանգները։ Հաստատվել է 18,434 անձի ձերբակալություն։
Նորվեգիայում գործող Iran Human Rights (IHR) կազմակերպությունը հաստատել է առնվազն 734 մասնակցի սպանվելու մասին. այդ թվում՝ տասներկու երեխա և վեց կին, հազարավոր մարդիկ վիրավորվել են։
Կազմակերպությունը հայտնել է, որ մինչև ինտերնետի անջատումը բողոքի ցույցերը տարածվել էին բոլոր 31 նահանգներում և մոտ 120 քաղաքներում։
Ամերիկյան CBS News-ի աղբյուրներն էլ հայտնել են, որ սպանվածների թիվը առնվազն 12,000 է և հնարավոր է աճի մինչև 20,000-ի։
Բացի այս տեղեկությունները, անանուն իրանցի պաշտոնյա Reuters-ին հայտնել է մոտ 2000 զոհի մասին։
Նշենք, որ Իրանի իշխանությունները պաշտոնական թվեր չեն հրապարակում, իսկ տվյալների հավաքագրումը դժվարացված է ինտերնետի անջատման և լրագրողների մուտքի արգելքի պատճառով։