Իրանում ավելի քան երկու շաբաթ շարունակվող հակակառավարական բողոքի ցույցերի դեմ իրականացվող ուժային ճնշումների հետևանքով զոհերի թիվը, ըստ նոր ստացվող տեղեկությունների, սարսափելի չափերի է հասնում։ Ամերիկյան CBS News-ի աղբյուրները հայտնում են, որ սպանվածների թիվը առնվազն 12,000-ի է հասնում և հնարավոր է աճի և հասնի մինչև 20,000-ի։ Սա բազմակի անգամ գերազանցում է նախկինում հրապարակված տվյալները։
Հրապարակման համաձայն՝ զոհերի թվում հիմնականում տեղի բնակիչներ և ցուցարարներ են, որոնք ստացել են հրազենային և բեկորային ծանր վնասվածքներ։ Համացանցում հայտնված տեսանյութերը փաստում են Թեհրանի արվարձանների դիահերձարաններում կուտակված հարյուրավոր մարմինների մասին, որոնց վրա առկա են դաժան խոշտանգումների և կրակոցների հետքեր։
Այս աղմկահարույց թվերի մասին բարձրաձայնում են ինչպես երկրի ներսում գտնվող ակտիվիստները, այնպես էլ միջազգային կառույցները։
«Iran International» հեռուստաալիքը և «Iran Human Rights» կազմակերպության ղեկավար Մահմուդ Ամիրի-Մողադամը նույնպես հաստատում են զանգվածային սպանությունների փաստը՝ նշելով, որ իշխանությունները միտումնավոր անջատել են համացանցը՝ արյունալի գործողությունները թաքցնելու համար։ Միևնույն ժամանակ, Իրանի պաշտոնական ներկայացուցիչները, չնայած խուսափում են հստակ վիճակագրությունից, տեղի ունեցածի պատասխանատվությունը բարդում են արտաքին ուժերից ֆինանսավորվող «ահաբեկիչների» վրա։