Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ հանրաքվեի անցկացման դեպքում կողմ կքվեարկի Ռումինիայի հետ միավորմանը՝ նպատակ ունենալով պաշտպանել երկրի ժողովրդավարությունը ռուսական ճնշումներից։
Բրիտանական «The Rest is Politics» փոդքաստին տված հարցազրույցում նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Մոլդովայի նման փոքր պետությունների համար գնալով ավելի է դժվարանում պահպանել ինքնիշխանությունն ու դիմակայել Ռուսաստանի միջամտություններին։
Թեև շուրջ 1,5 միլիոն մոլդովացիներ արդեն իսկ ունեն Ռումինիայի քաղաքացիություն, Սանդուն խոստովանել է, որ բնակչության մեծամասնությունը դեռևս չի սատարում միավորման գաղափարը. հարցումների համաձայն՝ այդ քայլին կողմ է քաղաքացիների միայն մեկ երրորդը։
Այս համատեքստում նախագահն ընդգծել է, որ մինչև 2030 թվականը Եվրամիությանն անդամակցելն այս պահին մնում է երկրի համար առավել իրատեսական և առաջնահերթ նպատակը։