Միջազգային

Լվովը հրթիռակոծվել է. կասկածներ կան, որ կիրառվել է «Օրեշնիկ»

Լվովը հրթիռակոծվել է. կասկածներ կան, որ կիրառվել է «Օրեշնիկ»

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ՌԴ զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Լվովի «կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտին»։ Կիրառվել է բալիստիկ հրթիռ։ Օդային թիրախը շարժվել է ժամում մոտ 13 հազար կիլոմետր արագությամբ՝ բալիստիկ հետագծով։

Ուկրաինայի ԶՈՒ օդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Իգնատը «Ուկրաինսկայա պրավդա»-ին հայտնել է, որ հարվածը, հավանաբար, իրականացվել է Աստրախանի մարզում գտնվող «Կապուստին Յար» փորձադաշտից։ «Հավանաբար, արձակումները եղել են Կապուստին Յարից։ Նախնական տվյալներով՝ պայթյուններ են լսվել Լվովի մարզում։ Տեղեկությունը ճշտվում է»,– ասել է Իգնատը։

Նշենք, որ «Կապուստին Յար»-ում տեղակայված է ռուսական «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռային համալիրը։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը սոցցանցերում գրել է. «Արդյո՞ք դա «Օրեշնիկ» էր՝ դեռ հայտնի չէ։ Տեղեկությունը կտրամադրեն զինվորականները։ Կա հարված կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտին։ Տեղում աշխատում են բոլոր համապատասխան ծառայությունները, շարունակվում է հրդեհի մարումը»։

Պաշտոնապես դեռ հաստատված չէ, որ հարվածը հասցվել է հենց «Օրեշնիկ» հրթիռով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական