Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Mariner» լցանավի առգրավումն ԱՄՆ զինված ուժերի կողմից անվանել է միջազգային ծովային իրավունքի լուրջ խախտում։
«ԱՄՆ զինծառայողների կողմից բաց ծովում խաղաղ նավի փաստացի առգրավումը, ինչպես նաև՝ անձնակազմի գերեվարումը, չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան՝ միջազգային ծովային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև՝ նավարկության ազատության կոպիտ խախտում։ Սա նավի սեփականատիրոջ օրինական իրավունքների և շահերի էական խախտում է», - ասվում է հայտարարության մեջ։
Նախարարությունը ընդգծել է, որ ԱՄՆ-ն բազմիցս տեղեկություններ է ստացել լցանավի ռուսական ծագման և դրա խաղաղ բնույթի մասին։ Դիվանագետները պահանջել են, որ նավի վրա գտնվող ռուսների հետ արժանապատվորեն վարվեն, և չխոչընդոտվի նրանց վերադարձը հայրենիք։
«Մենք կոչ ենք անում Վաշինգտոնին՝ վերադառնալ միջազգային ծովային նավարկության հիմնարար նորմերի և սկզբունքների պահպանմանը և անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները «Mariner»-ի, ինչպես նաև՝ բաց ծովում օրինական գործունեություն ծավալող այլ նավերի նկատմամբ», - եզրափակել է նախարարությունը։
ԱՄՆ-ին լցանավի կառավարումն անցել է երեկ կեսօրին՝ Հյուսիսատլանտյան օվկիանոսում, դրա հետ կապը կորչելուց հետո։ Այն Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն ստացել է դեկտեմբերի 24-ին։