BBC-ի ռուսական ծառայությունը վերլուծական է գրել Աֆրիկայում ռուսական ազդեցության և ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Radar Armenia-ն ներկայացնում է հոդվածի խմբագրված տարբերակը։
«Մալիում ստեղծված իրավիճակը դարձել է Կրեմլի աֆրիկյան ռազմավարության լրջագույն փորձությունը, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացմանը։
Երկրի հյուսիսում՝ Տինզաուատենի մոտ, տուարեգ ապստամբների և ջիհադիստների կողմից մալիական բանակին ու ռուսական «Աֆրիկյան կորպուսի» (նախկին «Վագներ») մարտիկներին հասցված ծանր պարտությունը ցույց տվեց, որ Մոսկվայի ներկայությունը չի երաշխավորում լիակատար անվտանգություն։
Այս ձախողումը կոտրեց ռուսական կողմի անպարտելիության առասպելը և լուրջ հարցեր առաջացրեց Մալիի զինվորական խունտայի շրջանում, որը ժամանակին հրաժարվել էր արևմտյան երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի հետ համագործակցությունից՝ հույսը դնելով բացառապես Ռուսաստանի վրա։
Ռազմական անհաջողություններին գումարվում են նաև տնտեսական խորացող խնդիրները և ներքին անկայունությունը, ինչը խոցելի է դարձնում գործող իշխանություններին։
Եթե Կրեմլը չկարողանա օպերատիվ կերպով վերականգնել իրավիճակի վերահսկողությունը և ապահովել խոստացված կայունությունը, Մալիի ղեկավարությունը կարող է կանգնել նոր հեղաշրջման վտանգի առաջ կամ ստիպված լինել այլընտրանքային դաշնակիցներ փնտրել։
Մոսկվայի համար սա ոչ միայն հեղինակության հարց է, այլև՝ աշխարհաքաղաքական լուրջ ռիսկ, քանի որ Մալին հանդիսանում է Սահելի գոտում ռուսական ներկայության առանցքային հենակետը։ Այս պետության կորուստը կամ թուլացումը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել հարևան երկրներում՝ հարվածի տակ դնելով Ռուսաստանի ողջ աֆրիկյան քաղաքականությունը»։