ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր, որով դադարեցվում է ԱՄՆ անդամակցությունը 66 միջազգային կազմակերպություններում։
Այս կազմակերպություններից 31-ը գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո, 35-ը՝ դրանից դուրս։ Սպիտակ տան տվյալներով՝ դրանք բոլորն «այլևս չեն ծառայում ԱՄՆ շահերին»։
Այս կազմակերպությունների ամբողջական ցանկը հասանելի է Սպիտակ տան կայքում։ Դրանց թվում են Եվրոխորհրդի Վենետիկի հանձնաժողովը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը խթանելու համար ստեղծված Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիաների կենտրոնը (STCU), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երեխաների նկատմամբ բռնության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակը, ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, Բնության պահպանման միջազգային միությունը և այլն։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Դոնալդ Թրամփի վարչակազմը այն կազմակերպությունները, որոնց անդամակցությունը դադարեցվում է, համարել է «անարդյունավետ, վնասակար», «վատ կառավարվող», «ավելորդ» կամ «ազգային ինքնիշխանությանը, ազատություններին և համատեղ բարգավաճմանը սպառնալիք»։