Միջազգային

ԱՄՆ կառավարությունն սկսել է վենեսուելական նավթի վաճառքը

ԱՄՆ կառավարությունն սկսել է վենեսուելական նավթի վաճառքը

ԱՄՆ կառավարությունն սկսել է վենեսուելական նավթի վաճառքը համաշխարհային շուկայում: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ էներգետիկայի քարտուղարություն

Ըստ հաղորդագրության՝ ստացված միջոցները կբաշխվեն ամերիկացի և վենեսուելացի ժողովուրդների շահերից ելնելով՝ ԱՄՆ կառավարության հայեցողությամբ։ 

Վենեսուելական նավթի և նավթամթերքների վաճառքից ստացված բոլոր եկամուտները սկզբում կփոխանցվեն ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հաշիվներին՝ համաշխարհային ճանաչում ունեցող բանկերում, որպեսզի երաշխավորվի եկամուտների վերջնական բաշխման օրինականությունն ու թափանցիկությունը։

Նշվում է, որ նավթի վաճառքն սկսվում է անմիջապես, և ակնկալվում է մոտավորապես 30-50 միլիոն բարելի վաճառք։ Այն կշարունակվի անժամկետ։

Միակ նավթը, որը կտեղափոխվի Վենեսուելա և Վենեսուելայից դուրս, կլինի այն նավթը, որը կանցնի օրինական և թույլատրված ուղիներով՝ համաձայն ԱՄՆ օրենսդրության և ազգային անվտանգության պահանջների։

Ըստ քարտուղարության՝ Միացյալ Նահանգներն ընտրողաբար չեղարկում է պատժամիջոցները՝ վենեսուելական նավթի և նավթամթերքների համաշխարհային շուկաներում տեղափոխումն ու վաճառքը ապահովելու համար։

Ամերիկյան նոսրացուցիչը (թեթև հում նավթ) անհրաժեշտության դեպքում կմատակարարվի Վենեսուելա՝ շատ ծանր (բարձր մածուցիկությամբ) վենեսուելական հում նավթի խառնման, որակի բարձրացման և արդյունահանման ու տեղափոխման օպտիմալացման նպատակով։

Անհրաժեշտ լայնածավալ արդիականացման, ընդլայնման և որակի բարելավման շրջանակում ԱՄՆ-ն թույլ կտա ներմուծել որոշակի նավթահանքային սարքավորումներ, պահեստամասեր և ծառայություններ՝ անմիջապես փոխհատուցելու տասնամյակների ընթացքում նկատված արդյունահանման անկումը և ապահովելու կարճաժամկետ աճ։ Դրա համար կպահանջվեն տեխնոլոգիաներ, փորձ և ներդրումներ ամերիկյան և այլ միջազգային էներգետիկ գործընկերների կողմից։

«Վենեսուելայի էլեկտրացանցերը երկար տարիների անարդյունավետ կառավարման, կոռուպցիայի և վատ սպասարկման հետևանքով՝ սոցիալիստական համակարգի պայմաններում, քայքայվել են և դարձել անհուսալի։ Երկրի ողջ տարածքում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է ավելի քան 30%-ով՝ զգալի թերֆինանսավորման և կոռումպացված, անարդյունավետ շահագործման ու տեխնիկական սպասարկման մեթոդների պատճառով։ Մենք կաշխատենք էլեկտրացանցերի բարելավման ուղղությամբ, ինչն անհրաժեշտ է նավթի արդյունահանման ավելացման, տնտեսական հնարավորությունների ընդլայնման և վենեսուելացիների կյանքի որակի բարձրացման համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական