ԱՄՆ պատվիրակությունը Փարիզում հանդիպումներ է անցկացրել «կամավորների կոալիցիայի» անդամների, ինչպես նաև Ուկրաինայի պատվիրակության հետ՝ Ուկրաինայի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի առաջմղման նպատակով. հայտնում է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։
ԱՄՆ պատվիրակության կազմում էին ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ ՈւիթքոֆՖը, Ջարեդ Քուշները, գեներալ Ալեքս Գրինքևիչը, դեսպան Չարլզ Քուշները և Սպիտակ տան խորհրդական Ջոշ Գրուենբաումը։
«Կայացել են մի շարք հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև ուկրաինական կողմի հետ՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ։ ԱՄՆ պատվիրակությունը դրական է գնահատել կողմերի միջև համագործակցային մոտեցումն ու գործընկերային մթնոլորտը։
Հանդիպումների ընթացքում էական առաջընթաց է գրանցվել մի շարք առանցքային ուղղություններով, այդ թվում՝ երկկողմ անվտանգության երաշխիքների շրջանակի և բարեկեցության ծրագրի մշակման հարցում։ «Կամավորների կոալիցիան» նաև հրապարակել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր շրջանակային հայտարարությունը։ Կողմերը համակարծիք են, որ երկարատև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են ամուր անվտանգության երաշխիքներ և կայուն տնտեսական ու բարեկեցության պարտավորություններ Ուկրաինայի նկատմամբ։
ԱՄՆ-ն և գործընկերները պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը այս ուղղությամբ։ Քննարկումները ուկրաինական պատվիրակության հետ կշարունակվեն նաև այսօր երեկոյան և վաղը։ Կողմերը հույս են հայտնել, որ մոտ ապագայում կարձանագրվի դրական առաջընթաց»,-գրել է նա X սոցցանցի իր էջում։