Միջազգային

Իրանում ցուցարարները վերահսկողություն են հաստատել երկու քաղաքի նկատմամբ

Իրանում ցուցարարները վերահսկողություն են հաստատել երկու քաղաքի նկատմամբ

Իրանում արդեն տասներորդ օրն ընթացող բողոքի զանգվածային ցույցերը հասել են վտանգավոր հանգրվանի։

Երկրի արևմտյան հատվածում՝ Իլամ նահանգում, ցուցարարներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Աբդանան և Մալեքշահի քաղաքների մի շարք հատվածների վրա՝ դուրս մղելով կառավարական ուժերին։ 

Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին տնտեսական ճգնաժամի և ազգային արժույթի փլուզման պատճառով, վերածվեցին համազգային ընդվզման՝ ուղղված երկրի հոգևոր առաջնորդության դեմ։

Fox news-ը գրում է, որ իրադարձությունների կենտրոնում է հայտնվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որին ցուցարարները բացահայտորեն օգնության կոչ են անում։ Սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերում երևում են կանայք և երիտասարդներ, որոնք ձեռքում պահում են անգլերեն գրություններով պաստառներ՝ «Թրամփը խաղաղության խորհրդանիշ է» և «Թույլ մի տվեք մեզ սպանել» մակագրություններով։ Որոշ քաղաքներում ցուցարարները նույնիսկ փողոցները խորհրդանշական կերպով անվանակոչում են Թրամփի անունով՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնի կոշտ դիրքորոշումը կզսպի Թեհրանի բռնաճնշումները։

Իրանի ներսում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Հաղորդվում է, որ ուժայինները կրակ են բացել հիվանդանոցների ուղղությամբ, որտեղ ապաստան էին գտել վիրավոր ցուցարարները, մասնավորապես՝ Իլամի Իմամ Խոմեյնիի անվան հիվանդանոցում։

Իրանի բարձրագույն ղեկավարությունը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները որակել է որպես միջամտություն ներքին գործերին և հայտարարել, որ ցանկացած օտարերկրյա միջամտություն կհամարվի «կարմիր գծի» հատում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական