Միջազգային

Իսրայելն ու Սիրիան համաձայնության են հասել

Իսրայելն ու Սիրիան համաձայնության են հասել

Սիրիայի և Իսրայելի միջև, ԱՄՆ-ի վերահսկողության ներքո, ստեղծվել է համատեղ հետախուզական մեխանիզմ։ Համաձայնագրի մասին հայտարարվել է երեք երկրների պաշտոնյաների համատեղ մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել հունվարի 6-ին Փարիզում։

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելը և Սիրիան որոշել են ստեղծել ԱՄՆ-ի վերահսկողության ներքո համատեղ հաղորդակցական մեխանիզմ՝ հետախուզական տվյալների փոխանակման անհապաղ և շարունակական համակարգումն ապահովելու, ռազմական լարվածությունը թուլացնելու, դիվանագիտական ​​հարաբերությունները բարելավելու և առևտրային հնարավորությունները ընդլայնելու համար։

Ամերիկյան Axios լրատվական կայքը հաղորդում է, որ հաղորդակցական կենտրոնը, որը կգործի 24/7 ռեժիմով և կծառայի որպես ցանկացած անհամաձայնություն արագ լուծելու և թյուրըմբռնումները կանխելու հարթակ, կգտնվի Հորդանանի մայրաքաղաք Ամմանում։ Հաջորդ քայլը կլինի Իսրայելա-սիրիական սահմանի երկայնքով «ապառազմականացված տնտեսական գոտու» ստեղծումը։

Եռակողմ համաձայնագիր է կնքվել Անկարայում ԱՄՆ դեսպանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Թոմ Բարաքի, Սիրիայի արտգործնախարար Հասան ալ-Շայբանիի և Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերի միջև։ Հատկանշական է, որ համաձայնագիրը կնքվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ այցից հետո։

Նույն օրը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը մասնակցել էր Փարիզում ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը, հայտարարել է, որ սիրիա-իսրայելական համաձայնագիրը ստորագրվել է Անկարայի իմացությամբ։ Ֆիդանը նշել է, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի միջև համաձայնագրի կնքումից հետո ինքը հանդիպել է ալ-Շայբանիի և Բարաքի հետ և մանրամասն տեղեկություններ է ստացել բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Թուրք նախարարը նաև ընդգծել է, որ բանակցությունների մեկնարկից առաջ նրանք տեղեկատվություն են փոխանակել սիրիական և ամերիկյան կողմերի հետ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական