Միջազգային

Թրամփը Վենեսուելայից պահանջում է հարաբերությունները խզել Ռուսաստանի ու Չինաստանի հետ

Թրամփը Վենեսուելայից պահանջում է հարաբերությունները խզել Ռուսաստանի ու Չինաստանի հետ

Ամերիկյան ABC news-ը գրում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խիստ պայմաններ է ներկայացրել Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին՝ երկրի նավթային արդյունաբերության վերագործարկման և լրացուցիչ նավթ արդյունահանելու թույլտվության դիմաց։ Ըստ իրազեկ աղբյուրների՝ Վաշինգտոնի պահանջների առաջին կետը ենթադրում է Վենեսուելայից Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Կուբայի ներկայացուցիչների անհապաղ վտարում և այդ երկրների հետ տնտեսական բոլոր կապերի խզում։ Երկրորդ առանցքային պահանջով Կարակասը պետք է համաձայնի նավթի արդյունահանման հարցում գործակցել բացառապես ԱՄՆ-ի հետ և առաջնահերթություն տալ ամերիկյան շուկային ծանր հում նավթի վաճառքի ժամանակ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրենսդիրների հետ փակ հանդիպման ժամանակ նշել է, որ Վաշինգտոնն այժմ ունի բոլոր լծակները Վենեսուելային ստիպելու ընդունել այս պայմանները։ Ըստ Ռուբիոյի՝ Վենեսուելայի նավթակիր նավերն այժմ ամբողջությամբ լցված են, իսկ վաճառքի հնարավորությունների բացակայության պատճառով երկիրը կանգնած է ֆինանսական սնանկացման եզրին։ Ամերիկյան կողմի գնահատականներով՝ Կարակասին մնացել է ընդամենը երկու շաբաթ, որից հետո առանց նավթի պաշարների իրացման երկիրը կդառնա լիովին անվճարունակ։

Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ռոջեր Ուիքերը հաստատել է, որ Սպիտակ տան ռազմավարությունը հիմնված է Վենեսուելայի նավթային պաշարների նկատմամբ վերահսկողություն հաստատելու վրա։ Նա ընդգծել է, որ ծրագիրը չի նախատեսում ամերիկյան զորքերի տեղակայում Վենեսուելայի տարածքում, սակայն ենթադրում է նավթակիրների և տանկերների շարժի խիստ վերահսկողություն։ Ուիքերի ձևակերպմամբ՝ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ որևէ նավ ուղղություն վերցնի դեպի Հավանա կամ նավթը անվճար կերպով տրամադրվի Չինաստանին։ Նա հավելել է, որ Վենեսուելան այլևս չի կարող նույնիսկ նավթ արդյունահանել, քանի որ այն պահելու տեղ պարզապես չկա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական