ԱՄՆ-ն վերահսկողության տակ է վերցրել ռուսական դրոշի ներքո Մեծ Բրիտանիայի մոտակայքում գտնվող Marinera նավթային լցանավը: Ըստ Reuters գործակալության և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պաշտոնական հաղորդագրության՝ նավը կալանավորվել է ամերիկյան դաշնային դատարանի որոշման հիման վրա՝ Ատլանտյան օվկիանոսով ավելի քան երկու շաբաթ տևած հետապնդումից հետո։ Սա վերջին տասնամյակների ընթացքում առաջին դեպքերից է, երբ ամերիկյան զինվորականները բացահայտ ուժային գործողություն են իրականացնում Ռուսաստանի պետական դրոշը կրող լցանավի նկատմամբ։
Դեռևս դեկտեմբերին նավը նավարկել է Գայանայի դրոշի ներքո, սակայն ամերիկյան առափնյա պահպանության հետապնդումից խուսափելու նպատակով անձնակազմը բարձրացրել էր Ռուսաստանի դրոշը և հայտարարել Մոսկվայի պաշտպանության տակ գտնվելու մասին։ Վաշինգտոնի պնդմամբ՝ այս տանկերը, որը նախկինում հայտնի էր «Bella 1» անվամբ, հանդիսանում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս և ներգրավված է նավթի ապօրինի փոխադրումների մեջ, ինչի պատճառով դեռ 2024 թվականին հայտնվել էր պատժամիջոցների ցուցակում։
Գործողությունն իրականացվել է բարձր ռազմական ռիսկի պայմաններում, քանի որ, ըստ հետախուզական տվյալների, տանկերի տեղակայման շրջանում գտնվել են ռուսական ռազմական նավեր և սուզանավ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին ստեղծված իրավիճակը որակել էր «անոմալ» և հայտարարել, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող ուշադրությունը չի համապատասխանում նավի խաղաղ կարգավիճակին։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնն անտեսել է Մոսկվայի՝ հետապնդումը դադարեցնելու հորդորները և ավարտին հասցրել տանկերի կալանավորումը։