Միջազգային

Բախումներ Հալեպում. կա առնվազն չորս զոհ

Բախումներ Հալեպում. կա առնվազն չորս զոհ

Հալեպի հյուսիսային թաղամասերում երեքշաբթի օրը բռնկված բախումների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում երեք քաղաքացիական անձ և մեկ զինվոր, հաղորդում է Reuters-ը։

Կառավարությունը և քրդական Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF) միմյանց են մեղադրել բռնության համար։ Սիրայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ SDF-ն հրետակոծել է բանակի դիրքերն ու բնակելի թաղամասերը, մինչդեռ SDF-ն հերքել է մեղադրանքները և պնդել, որ զոհերը կառավարությանն աջակցող ուժերի անխտիր հրետակոծության հետևանք են։

Բախումները վերսկսվել են Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիյե թաղամասերում։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ բանակցություններ են ընթանում Դամասկոսի հետ լարվածությունը մեղմելու համար։ Բնակիչները վախենում են լայնածավալ սպանություններից։

Ի պատասխան իրավիճակի՝ Հալեպի նահանգապետը չեղարկել է չորեքշաբթի օրը դպրոցների, համալսարանների և պետական հիմնարկների աշխատանքը։ Հալեպի օդանավակայանը 24 ժամով դադարեցրել է թռիչքները։

Բախումները տեղի են ունենում այն ֆոնին, երբ Սիրիայի կառավարությունը և SDF-ն փորձում են կյանքի կոչել քրդական ուժերի ինտեգրման համաձայնությունը, որը պետք է ավարտվեր 2025-ի վերջին, սակայն առաջընթաց չկա։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ձգձգումների մեջ։

Ինտեգրման ձախողումը կարող է հանգեցնել նոր բռնությունների և նույնիսկ Թուրքիայի միջամտության, որը սպառնում է գործողություններ սկսել քրդական ուժերի դեմ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական