ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան խիստ քննադատության է ենթարկել Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունները։ Նրա խոսքով՝ տարվա սկիզբը շոկային էր նրանց համար, ովքեր հույս ունեին միջազգային իրավունքի և դիվանագիտության նկատմամբ հավատարմության վրա։ Կարակասում տեղի ունեցածը նա որակել է որպես «զինված ագրեսիայի ակտ՝ զուրկ որևէ արդարացումից»։
Ռուս դիվանագետը հայտարարել է, որ կան հաստատված տեղեկություններ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ բռնի կալանավորման մասին։ Նա կոչ է արել ամերիկյան իշխանություններին անհապաղ ազատ արձակել «օրինական ընտրված պետության ղեկավարին»։
Նեբենզյան ընդգծել է, որ Վաշինգտոնի և Կարակասի միջև ցանկացած տարաձայնություն պետք է լուծվի բացառապես երկխոսության միջոցով՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության։ Նա հայտնել է Ռուսաստանի լիակատար համերաշխությունը Վենեսուելայի ժողովրդի հետ՝ արտաքին ճնշման պայմաններում։
Ռուսաստանի մշտական ներկայացուցչի խոսքով՝ սկզբունքային գնահատականներից խուսափելու փորձերը և երկակի ստանդարտների կիրառումը խաթարում են միջազգային կարգի հիմունքները և հանգեցնում պետությունների ինքնիշխանության հետագա ոտնահարմանը։
«Հույս ունենք, որ այս միջազգային ավազակությունը անհապաղ կստանա օբյեկտիվ և համապարփակ գնահատական միջազգային-իրավական առումով՝ օգտագործելով ՄԱԿ-ի և այլ բազմակողմանի ձևաչափերի ունիվերսալ մեխանիզմները»,– ասել է Նեբենզյան։ «Այդ գործընթացի վրա չպետք է ազդի Նիկոլաս Մադուրոյի լեգիտիմության ճանաչումը կամ չճանաչումը որևէ պետության կամ միության կողմից»։