Միջազգային

Ջո Բայդենը ստանում է ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր կենսաթոշակը

Ջո Բայդենը ստանում է ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր կենսաթոշակը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը դարձել է երկրի պատմության մեջ ամենաբարձր թոշակ ստացող նախկին ղեկավարը՝ տարեկան ստանալով շուրջ 417,000 դոլար։ Ինչպես հաղորդում է New York Post պարբերականը՝ հղում անելով հարկային փորձագետներին, այս գումարն իրականում գերազանցում է նախագահի պաշտոնում նրա ստացած տարեկան աշխատավարձը, որը կազմում էր 400,000 դոլար։

Նման բացառիկ ցուցանիշը պայմանավորված է Բայդենի տասնամյակների քաղաքական կարիերայով. նա միաժամանակ օգտվում է թե՛ նախագահական կենսաթոշակից և թե՛ Սենատում ու փոխնախագահի պաշտոնում իր 44-ամյա ծառայության համար նախատեսված հատուկ կենսաթոշակային համակարգից (CSRS)։

Ըստ հաշվարկների՝ Բայդենի տարեկան եկամուտը կազմված է 250,600 դոլար նախագահական թոշակից և ևս 166,374 դոլարից, որը նրան հասնում է որպես նախկին սենատոր։ Սա գրեթե կրկնակի ավելին է, քան ստացել է Բարաք Օբաման իր պաշտոնավարման ավարտից հետո։ Բացի անմիջական վճարումներից, ԱՄՆ կառավարությունը Բայդենին հատկացրել է նաև ավելի քան 1,5 միլիոն դոլարի բյուջե՝ գրասենյակային տարածքի վարձակալության, աշխատակազմի պահպանման և այլ տեխնիկական ծախսերի համար։

Այս տեղեկատվությունը նոր թափ է հաղորդել ամերիկյան հասարակության մեջ ընթացող քննարկումներին՝ կապված պետական բարձրաստիճան պաշտոնյաների ցմահ արտոնությունների և հարկատուների միջոցների արդյունավետ բաշխման հետ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական