Դանիայի և Գրենլանդիայի վարչապետերը կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Գրենլանդիան գրավելու սպառնալիքները։
Թրամփը The Atlantic ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, թե Գրենլանդիան անհրաժեշտ է պաշտպանության համար։
«Ամենևին իմաստ չունի խոսել այն մասին, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է գրավել Գրենլանդիան։ ԱՄՆ-ն իրավունք չունի բռնակցելու Դանիական Թագավորության երեք երկրներից որևէ մեկը»,- հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։
Նա այդ խոսքերը արտահայտել է մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ձերբակալել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, և նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը կկառավարի այդ լատինաամերիկյան երկիրը։
Այդ իրադարձությունը մտահոգություններ է առաջացրել Դանիայում, որ նման բան կարող է կրկնվել նաև Գրենլանդիայի դեպքում։
Ֆրեդերիկսենը հիշեցրել է, որ Դանիան ՆԱՏՕ անդամ է. «Հետևաբար, ես վճռականորեն կոչ կանեմ ԱՄՆ-ին դադարեցնել սպառնալիքները պատմականորեն մոտ դաշնակցի և մեկ այլ երկրի, մեկ այլ ժողովրդի հանդեպ, ովքեր շատ հստակ ասել են, որ վաճառքի չեն»։
Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը նույնպես կիրակի օրը հայտարարության մեջ նշել է. «Երբ Միացյալ Նահանգների նախագահը ասում է, որ «մեզ անհրաժեշտ է Գրենլանդիան» և մեզ կապում է Վենեսուելայի և ռազմական միջամտության հետ, դա ոչ միայն սխալ է։ Դա անհարգալից է»։