Վերջին օրերին մի շարք ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվում են հաղորդումներ, ըստ որոնց՝ Վենեսուելայում իրականացված գաղտնի գործողության ընթացքում ԱՄՆ բանակի էլիտար հատուկ ստորաբաժանումը՝ Delta Force-ն է հավանաբար իրականացրել է երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի ձերբակալությունն ու դուրսբերումը երկրից։ Պաշտոնական հաստատում այս տեղեկությունների վերաբերյալ առայժմ չկա, սակայն թեման կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ Delta Force-ի պատմական դերակատարության ֆոնին։
Ինչ է Delta Force-ը
Delta Force-ը (պաշտոնական անվանումը՝ 1st Special Forces Operational Detachment-Delta) հիմնադրվել է 1977 թվականին և ենթարկվում է ԱՄՆ Զինված ուժերի Հատուկ գործողությունների միացյալ հրամանատարությանը (JSOC)։ Ստորաբաժանումը մասնագիտացած է բարձրարժեք թիրախների ձերբակալման կամ ոչնչացման, հակաահաբեկչական գործողությունների և պատանդների ազատման առաքելությունների մեջ։
Ամենահայտնի գործողությունները
«Eagle Claw» – Իրան (1980)
ԱՄՆ դեսպանատան պատանդների ազատման անհաջող փորձը Թեհրանում։ Թեև գործողությունը ձախողվեց տեխնիկական և լոգիստիկ խնդիրների պատճառով, այն դարձավ շրջադարձային՝ հանգեցնելով JSOC-ի ստեղծմանը։
«Just Cause» – Պանամա (1989)
Գործողության ընթացքում ԱՄՆ ուժերը ձերբակալեցին Պանամայի ղեկավար Մանուել Նորյեգային։ Delta Force-ը ներգրավված էր բարձր մակարդակի թիրախների չեզոքացման փուլում։
«Enduring Freedom» – Աֆղանստան (2001-ից)
Delta Force-ը մասնակցել է «Ալ-Քաիդայի» և «Թալիբանի» առաջնորդների որոնման և ոչնչացման գործողություններին՝ սերտ համագործակցելով ԿՀՎ-ի հետ։
«Iraqi Freedom» – Իրաք (2003-ից)
Ստորաբաժանումը առանցքային դեր է խաղացել Իրաքում «Ալ-Քաիդայի» դեմ պայքարում՝ հատկապես գիշերային գործողությունների ընթացքում՝ 160-րդ հատուկ ավիացիոն գնդի հետ միասին։
«Red Dawn» – Իրաք (2003)
Սադամ Հուսեյնի ձերբակալումը համարվում է Delta Force-ի ամենահնչեղ գործողություններից մեկը։ Իրաքի նախկին առաջնորդը հայտնաբերվեց թաքստոցում և ձերբակալվեց կենդանի։
«Neptune Spear» – Պակիստան (2011)
Օսամա բեն Լադենի ոչնչացման գործողության ընթացքում հիմնական գրոհը իրականացրել է SEAL Team 6-ը, մինչդեռ Delta Force-ը պատասխանատու էր անվտանգության և օժանդակ գործողությունների համար։
«Kayla Mueller» – Սիրիա (2019)
ԱՄՆ հատուկ ստորաբաժանումների համատեղ գործողության արդյունքում ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին շրջապատվեց և ինքնասպանություն գործեց՝ խուսափելով ձերբակալությունից։
Գործողություններ ԻՊ-ի դեմ – Իրաք և Սիրիա (2014-ից)
Delta Force-ը մասնակցել է ԻՊ-ի ղեկավարության դեմ ուղղված բազմաթիվ թիրախային հարվածների և պատանդների ազատման գործողությունների, որոնց մեծ մասը պաշտոնապես երբեք չի մանրամասնվել։
Գաղտնի ուժ՝ սահմանափակ տեղեկություններով
Delta Force-ի շուրջ առկա տեղեկատվության մեծ մասը հիմնված է լրագրողական հետաքննությունների, նախկին պաշտոնյաների հայտարարությունների և անուղղակի հաստատումների վրա։ ԱՄՆ Պենտագոնը, որպես կանոն, չի մեկնաբանում ստորաբաժանման կոնկրետ գործողությունները՝ հղում անելով ազգային անվտանգության նկատառումներին։
Անկախ Վենեսուելայի շուրջ շրջանառվող վերջին պնդումների իսկությունից՝ Delta Force-ը շարունակում է համարվել աշխարհի ամենափակ և ամենաարդյունավետ հատուկ ստորաբաժանումներից մեկը, որի իրական գործունեության մեծ մասը մնում է ստվերում։