Եվրամիությունը ուշադիր հետևում է Վենեսուելայում ստեղծված իրավիճակին․ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Կարակասի նկատմամբ ռազմական հարվածները և ընդգծել, որ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվել և դուրս է բերվել Վենեսուելայից։
Կալասը նշել է, որ զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Կարակասում ԵՄ դեսպանի հետ։
«ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ պարոն Մադուրոն չունի լեգիտիմություն և պաշտպանել է խաղաղ անցումը»,-ասել է Կալասը։
«Ցանկացած պայմաններում պետք է հարգվեն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները։ Մենք կոչ ենք անում զսպվածության։ Երկրում գտնվող ԵՄ քաղաքացիների անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է»,-ընդգծել է նա։
Եվրամիությունը Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 2017 թվականի նոյեմբերին՝ Մադուրոյի պաշտոնամուտից չորս տարի անց։
Ներկայում ԵՄ պատժամիջոցները վերաբերում են 69 անձի։ Պատժամիջոցները ներառում են զենքի և ներքին ճնշումների համար նախատեսված սարքավորումների էմբարգո, ինչպես նաև՝ մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության խաթարման համար պատասխանատու անձանց ու կառույցների նկատմամբ ճանապարհորդության արգելք և ակտիվների սառեցում։
ԵՄ խորհրդի տվյալներով՝ այս պատժամիջոցների նպատակն է խթանել համատեղ ժողովրդավարական լուծումները՝ երկրի քաղաքական կայունության ապահովման և վենեսուելացիների հրատապ կարիքների հասցեագրման համար, և դրանք նախատեսված չեն Վենեսուելայի բնակչությանը վնասելու համար։
ԵՄ խորհրդի հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների վերացումը կախված կլինի Վենեսուելայում մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտում իրական առաջընթացից, ինչպես նաև՝ իրական երկխոսության և ժողովրդավարական անցման ուղղությամբ նշանակալի քայլերից։
Պատժամիջոցների գործողության ժամկետը վերջին անգամ երկարացվել է մինչև 2027 թվականի հունվարի 10-ը։